«Էջմիածնում «Ոչ»-ի «հուղարկավորությունը» «Այո»-ի շտաբի կողմից չի ղեկավարվել». Դիանա Գասպարյան

Այսօր համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որտեղ մի քանի հոգի փողոցներից մեկում գերեզմանաթումբ էին սարքել և «Ոչ»-ի «հուղարկավորություն» կատարել։

168.am-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշեց, որ քաղաքում «Այո»-ի շտաբի ղեկավարն ինքն է և վստահեցնում է, որ այդ «արարողությունն» իրենց շտաբի կողմից չի ղեկավարվել, պարզապես այն քաղաքացիների կողմից ինքնաբուխ ակցիա է եղել։

«Ինձ համար այդ ակցիան հաճելի չէր, այդ պատճառով էլ քաղաքապետարանն անմիջապես արձագանքել է, և համապատասխան բաժնի աշխատակիցները ուղարկվել են, թե՛ քաղաքացիների հետ են բացատրական աշխատանքներ տարել, թե՛ տարածքը մաքրելու գործընթաց են նախաձեռնել»,- շեշտեց նա։

Նա վստահեցնում է՝ իրենց կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի քարոզարշավն անցնի քաղաքակիրթ մթնոլորտում և լինի օրենքի պահանջներին համապատասխան, քարոզարշավի ընթացում նաև հորդորներով կդիմեն քաղաքացիներին, որպեսզի նրանք հասկանան, որ ամենալավ քարոզչության միջոցն ընտրատեղամաս գնալը և հանրաքվեին «Այո» ասելն է։

Հարցին՝ քաղաքացիները, որոնք հուղարկավորել են «Ոչ»-ին, որևէ պատասխանատվության ենթարկվե՞լ են, նա պատասխանեց. «Այստեղ պատասխանատվության ենթարկելու որևէ բան չկա, որովհետև այդ տարածքում քանդման աշխատանքներ իրականացրել է ՀԷՑ-ը, որի հետևանքով էլ այդ հողը հայտնվել էր այնտեղ, իսկ քաղաքացիները պարզապես հողին թմբի տեսք են տվել և արել այն, ինչը համացանցում տարածվել է։ Ամեն դեպքում, մեր քաղաքացիների համար  որևէ պատասխանատվություն չենք սահմանելու, բացի հորդորից, որ նման բաներ այլևս չանեն»,- եզրափակեց Դիանա Գասպարյանը։

Տեսանյութեր

Լրահոս