2008 թվականի մարտի 1. միֆեր և իրականություն

«Այնպես, ինչպես «Մարտի 1»-ի գործը ներկայացվում է հասարակությանը, կառուցված է մի շարք միֆերի վրա, որոնք հասարակությանը հրամցվել են 10 տարի»,-  «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Ըստ փաստաբանի՝ այդ միֆերը ստիպում են, որ հանրությունը մոռանա այն, ինչ իրականում եղել է 2008 թվականի մարտի 1-ին:

Ալումյանի խոսքով՝ առաջին միֆն այն էր, որ  2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթած է եղել նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը:

2008 թվականի փետրվարի 19-ին նախագահական ընտրություններում հիմնական մրցակիցներ էին Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը: Քվեարկության նախնական արդյունքներով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր 21%-ից մի փոքր ավելի ձայն, Սերժ Սարգսյանը՝ 50%-ից ավելի: Նախնական արդյունքները հայտնի դառնալուց անմիջապես հետո, ըստ փաստաբանի, շրջանառության մեջ դրվեց այն միֆը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել է 60%-ից ավելի ձայն:

Փետրվարի 20-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքն է հաղթած թեկնածուն, և անժամկետ հանրահավաք սկսելու մասին հայտարարություն  ու կոչ արեց՝ հավաքվել  Ազատության հրապարակում: Դրանից հետո Երկրապահ կամավորականների միությունում սկսվեցին որոշակի գործողություններ, ինչպես նաև, ըստ փաստաբանի, փորձ արվեց ընդդիմության գործողություններում ներգրավել նաև բանակին:

Փաստաբանի համար նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի միֆ լինելու հարցում վստահություն ներշնչել տալիս է մի քանի փաստարկ: Հիմնական փաստարկն այն է, որ ընտրությունների արդյունքները բողոքարկվել էին Սահմանադրական դատարան, և  ՍԴ-ն 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողել է ուժի մեջ, միաժամանակ արձանագրել, որ ընտրությունների ընթացքում խախտումներ տեղի ունեցել են:

Փաստաբանը մեջբերեց նաև ԵԽԽՎ 1609 բանաձևի 9-րդ կետը, ըստ որի՝  «ԵԽԽՎ-ն ոչ միայն կասկածի տակ չի դրել ՍԴ 2008 թվականի մարտի 8-ի որոշումը, այլև ուղղակիորեն կոչ է արել ընդդիմադիր ուժերին ճանաչել ՍԴ  որոշումը»:

Ըստ Հայկ Ալումյանի՝ հաջորդ միֆը կապված է թիվ 0038 հրամանի, ինչպես նաև այն հայտարարությունների հետ, թե նշված հրամանն է դարձել հետագա բոլոր իրադարձությունների հիմքը:

«Ստանալով ողջ տեղեկությունը, թե ինչ է կատարվում Երկրապահ կամավորականների միությունում, Ազատության հրապարակում, ինչ աշխատանքներ են փորձում տանել զինված ուժերում, նախագահը փետրվարի 23-ին ընդհատում է իր այցը Մոսկվա, վերադառնում է Երևան, որ թույլ չտա, որպեսզի իրավիճակը դուրս գա տիրապետումից: Նա հրավիրում է առանձին խորհրդակցություն զինվորականների հետ և դնում երկու խնդիր: 1-ին՝ օրենքի սահմաններում անել բոլոր հնարավորը, որպեսզի բացառեն զինված ուժերի ներքաշումը քաղաքական գործընթացում, այն, ինչ փորձում էին անել ընդդիմադիրները: 2-րդը՝ խնդիր է դնում, որ Երկրապահ կամավորականների միությունից ցանկացած սպա պետք է ընտրություն անի՝ կա՛մ մնում է սպա և դուրս է գալիս ԵԿՄ-ից, կա՛մ դուրս է գալիս զինված ուժերից և մնում է ԵԿՄ-ում: Դրանից հետո պաշտպանության նախարար Հարությունյանը, ի կատարումն այս խնդրի, արձակել է մեզ հայտնի 0038 հրամանը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ հրամանում նաև նշված է, որ զորքը պետք է բերվի զորանոցային վիճակի, ինչը նշանակում է, որ սպաները գիշերը մնում են զորանոցներում: Հրամանի համաձայն՝ տարբեր զորամասերից որոշակի քանակությամբ զինծառայողներ են գործուղվում, որոնցից ստեղծվում են առանձին, ժամանակավոր զորամիավորումներ, որոնք տեղակայվում են Երևանի մատույցներում:

Ալումյանի բնորոշմամբ՝ մյուս միֆը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածի մասին տեղեկություններն են:

Փաստաբանի խոսքով՝ այդ օրերին պարբերաբար ԱԱԾ-ն զեկուցում էր նախագահին, որ վրաններում գտնվող որոշ մարդիկ զինված են: Նման տեղեկություն ԱԱԾ-ն նաև փոխանցել էր ոստիկանապետին:

«Պատկերացնո՞ւմ եք, որ աշխարհում կարող է գտնվել մի պետություն, որտեղ քաղաքի կենտրոնում հանրահավաքներ լինեն, ու հատուկ ծառայությունները տեղեկատվություն ունենան, որ հանրահավաքի մասնակիցների մոտ կան մարտական զենքեր, ու այդ պետության հատուկ ծառայությունները չփորձեն այդ հանգամանքը կանխել: Ես չեմ պատկերացնում, որ որևիցե մի պետություն, որը կայացած է և ունի խելամիտ ղեկավար, հանդուրժի այս վիճակը»,- նշեց Ալումյանը:

Նրա փոխանցմամբ՝ ոստիկանները մարտի 1-ի առավոտյան հավաքվում են Ազատության հրապարակի մոտ, շրջափակում  այն, որ  զենքերը չտանեն այդ վայրից, ու հայտնում են, որ եկել են զննություն կատարելու: Բայց մինչ այդ համակարգից ինչ-որ մեկը զգուշացրած է եղել առավոտյան նախատեսվող միջոցառման մասին, արդյունքում՝ հրապարակում գիշերած մարդիկ՝ դիմադրության պատրաստ, սպասելիս են եղել ոստիկաններին, մահակներով դիմադրել են ու հարվածել են ոստիկաններին:

Հաջորդ միֆը, ըստ Ալումյանի, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկությունն է: Հայկ Ալումյանի խոսքով՝ մարտի 1-ի ժամը 11-ից ցուցարարները սկսում են հավաքվել այնտեղ:

«Հայտնվում է մի կին, որը հավաքվածներին հայտարարում է, որ առավոտյան Ազատության հրապարակում գործողություն կատարելիս ոստիկանները սպանել են մի 5 տարեկան աղջիկ երեխայի: Հերիք չէ՝ այդ ապատեղեկատվությունը հրապարակայնորեն տարածում է, մի հատ էլ՝ մի տեղից երեխայի կոշիկ է բերում և այնտեղ հավաքված բոլոր ցուցարարներին ասում է՝ «սա այդ սպանված երեխայի կոշիկն է»: Լուրը տարածվում է քաղաքով մեկ: Նույնիսկ նրանք, ովքեր կարող է բացարձակ անտարբեր լինեին, ցնցվում են, որովհետև դա բոլորը ընդունում են՝ որպես ճշմարտություն: Հետո ռեժիսորները սկսում են այդ երեխայի կոշիկի կողքը ծաղիկներ դնել, հետո էլ որոշում են մոմավառություն կատարել այդ երեխայի հիշատակին, որը երբևէ չի եղել: Պատկերացնո՞ւմ եք այդ ամբոխի լարումը: Ի՞նչ ձեզ հետ տեղի կունենար, եթե ձեզ հավատացնեին, որ ոստիկանները 5 տարեկան երեխա են սպանել: Եվ արդեն մարդկանց մոտ թշնամանք էր առաջացել ոստիկանների նկատմամբ: Դրա տեխնոլոգներն այսօր մեր մեջ են ապրում ու բավականին բարձր դիրքերում են հիմա»,- նշեց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ դրանից հետո հավաքվածներին կոչ են անում զինվել տարածքում առկա  շինարարական ձողերով, մոլոտովի կոկտեյլներով, քարերով:

Փաստաբանը հաջորդ միֆը համարում է սխալ տեղեկությունը զորքերի տեղակայման մասին: Ըստ Ալումյանի՝ զորքեր եղել են, բայց տեղակայված են եղել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, Կենտրոնական բանկի դիմացի պուրակից մինչև Հանրապետության հրապարակ, Կառավարության շենքի ամբողջ շրջակայքով,  կամուրջների և ստրատեգիական այլ օբյեկտների մոտակայքում:

«Զորքերը տեղակայված են եղել այն հաշվարկով, որպեսզի ուղղակի շփման մեջ չհայտնվեն ցուցարարների հետ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հաջորդը՝ զորքերին կրակելու հրաման տալու միֆն է: Ալումյանը սա բացառելու համար մեջբերեց  ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի խոսքը 2018 թվականի սեպտեմբերի 12-ի իր ասուլիսում, որի ժամանակ Դավթյանը հերքել էր 2008 թվականի մարտին զորքերին կրակելու հրաման տալու մասին տեղեկությունը:

«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»,- ասել էր Արտակ Դավթյանը:

Հայկ Ալումյանը մասնակիցներին ներկայացրեց  նաև Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան, երբ հայտնի էր արդեն բոլոր զոհերի մասին: Խոսակցությունից կարելի էր տպավորություն ստանալ, որ զրուցակիցները հրճվանքով են խոսում:

«Եթե ավելի ուշ հայտարարվեր արտակարգ դրություն, պատկերացնո՞ւմ եք, թե  քանի զոհ էինք ունենալու, է՞լ ինչ էր լինելու Երևան քաղաքում»,- խոսքը եզրափակելով՝ ասաց Հայկ Ալումյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում

Տեսանյութեր

Լրահոս