
Գիտնականները կյանքը մի քանի տարով երկարացնելու միջոց են առաջարկել

Բոստոնի Բրիգհամի կանանց հիվանդանոցի բժիշկները պարզել են, որ արյան ճնշման ինտենսիվ վերահսկողությունը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը: Այդ մասին հայտնել է EurekAlert պորտալը:
Հետազոտությանը մասնակցել է 50 եւ բարձր տարիքի ինը հազարից ավելի մարդ, որոնք ունեցել են սնդիկի սյան 130-ից մինչեւ 180 միլիմետր բարձր սիստոլիկ ճնշում Կամավորներին բաժանել են երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրն ստացել է հակագերճնշումային բուժում: Առաջին խմբում բժիշկները մասնակիցների ճնշումը պահել են սնդիկի սյան 120 միլիմետր, երկրորդում՝ 140 միլիմետր նշագծին:
Գիտափորձի շնորհիվ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ճնշման մշտական վերահսկողության միջոցով իրենց հաջողվել է փորձարկման մասնակիցների կյանքի տեւողությունը ավելացնել վեց ամսից մինչեւ երեք տարի ժամկետով՝ կախված նրանց տարիքից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: