Բաժիններ՝

Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը՝ Շենգավիթի թաղապետարանում

168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացնում Շենգավիթի թաղապետարանում: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերահսկողության վարչության հետաքրքրությունը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությունը հարուցել է պարգևավճարների հետ կապված ինչ-որ անհասկանալի պատմությամբ պայմանավորված:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից:

Վերջինս թեպետ տեղյակ չէր, բայց ասաց, որ այդտեղ որևէ արտառոց բան չկա, և դա ամենասովորական գործընթացն է:

«Վերահսկողության վարչությունը պարբերաբար ստուգումներ իրականացնում է Քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումներում՝ տարածքային ստորաբաժանումներում, Քաղաքապետարանին ենթակա բոլոր օղակներում, ՓԲԸ-ներում և այլ կառույցներում»,- ասաց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ որևէ արտառոց բան չպետք է լինի, որ ստուգումներ իրականացվեն, և հասկանալի է, որ, եթե ընթացքում խախտումներ վեր հանվեն, դրանց ընթացք կտրվի:

Հարցին, թե  ինչպե՞ս է որոշվում, թե վերահսկողության վարչությունը որտե՞ղ պետք է ստուգումներ իրականացնի, պարտադի՞ր է բողոքի առկայությունը, քաղաքապետի մամլո խոսնակը պատասխանեց, որ լինում են և պլանային ստուգումներ, և ստուգումներ ահազանգի հետքերով:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն այն անձն է, ով ինքն էլ շատ մեծ սեր ունի տարատեսակ ստուգումների նկատմամբ:

Փետրվարի 9-ին մի հրապարակում տարածվեց, որտեղ ասվում  էր, թե Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին՝ հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի գրանցամատյանները: Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները, ապա առգրավել են դրանք:

Ինքը՝ Ռազմիկ Մկրտչյանը, 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ իր գործողություններն իրավաչափ են, և ինքն ամեն ինչ արել է ի շահ երեխաների:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս