Մաքսային արտոնության փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ սրանով փոփոխություն են կատարում միանալու պայմանագրում, որը ենթադրում էր 2015-ից մինչեւ 2020 թվականը 900 անուն ապրանքների գծով մաքսային արտոնությանը:
«2019-ի դեկտեմբերին վարչապետը պայմանավորվածություն ձեռք բերեց ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ այդ արտոնությունը զգալի չափով ապրանքների գծով երկարաձգելու մեկ տարով՝ մինչև 2020 թվականի վերջը»,- ասաց Գրիգորյանը:
Արդյունքում, ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում՝ համաձայն որի վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
Մաքսատուրքի բարձրացումը կհետաձգվի թվով 647 անուն ապրանքների համար:
«Առնվազն 30 մլն դոլարի հավելյալ ռեսուրս է գոյանում, այսինքն՝ այդքան պակաս մաքսատուրք կվճարեն: Այդ ապրանքներից են միսը, կարագը, թանկարժեք մետաղները, դրանցից պատրաստված իրերը, քարեր, դեղորայք և այլն»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կարող են հետին թվով այս փոփոխությունն ուժի մեջ դնել 2020-ի հունվարի 1-ից, սակայն դրա հետ կապված քննարկումների կարիք կա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նշեց, որ սա առնվազն 30 մլն դոլարի խնայողություն է Հայաստանի քաղաքացիների համար: «Բայց արձանագրենք, որ այս փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում: Նախկինում 900 անուն ապրանք էր, հիմա՝ 647 անուն»,- ասաց վարչապետը:
Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ բացի ավտոմեքենաներից, մնացած գրեթե բոլոր ապրանքների վրա այս հետաձգումը տարածվում է։