«Սերժ Սարգսյանի մասին տեղեկությունները հայտնի հանգամանքներ էին ու գտել ենք, որ անհրաժեշտություն չկա այն ներառել քրեական գործում». մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյան

Ինչպես հայտնել էր 168.am-ը, Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստի մեկնարկից անմիջապես հետո,  երբ դատարանը հրապարակեց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալները, նրա շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական նիստերի դահլիճում հայտարարեց, որ խախտվել է օրենքի պահանջը և մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրական եզրակացության մեջ չի ներառել Սերժ Սարգսյանի մասին ամբողջ տեղեկությունը:

Պարզվում է՝ գործով մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանի մասին տեղեկությունները, որոնց մեղադրական եզրակացությունում նշելու անհրաժեշտության մասին դատարանում հայտարարել էր Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը, համարում է շատ հայտնի և հենց այդ հիմքով է կարծել, որ քրեական գործում դրանք ներառելու անհրաժեշտություն չկա:

«Վարույթն իրականացնող մարմինը մեղադրական եզրակացության մեջ նշել է հանգամանքները, որոնք իրեն հայտնի են դարձել քրեական գործով վարույթի ընթացքում: Մյուս նշված, թվարկված հանգամանքները հայտնի հանգամանքներ են, և հետևաբար՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ այդ հանգամանքները մեղադրական եզրակացության մեջ նշելու անհրաժեշտություն առկա չէ: Եթե, այդուհանդերձ, պաշտպանական կողմը գտել է, որ այդ հանգամանքները քրեական գործով ունեն առանցքային, էական նշանակություն, զրկված չէր քրեական գործի վարույթի ընթացքում համապատասխան միջնորդություններով դրանք վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հնարավորությունից»,- ասաց մեղադրող  Արսեն Մարտիրոսյանը:

Ըստ դատախազի՝ մեղադրական եզրակացությունը համապատասխանում է Քրեական դատավորության օրենսգրքի պահանջներին:

«Նույն տրամաբանությամբ՝ պաշտպանական կողմը կարող էր ասել, թե ինչո՞ւ չի նշվել, որ մեղադրող դատախազը իրավաբանական գիտությունների թեկնածու է»,- հայտարարեց Արսեն Մարտիրոսյանը, ինչին ի պատասխան փաստաբան՝ Ամրամ Մակինյանն ասաց, որ մեղադրական եզրակացության մեջ քննիչը պարտավոր էր նշել ոչ միայն՝ գործի հետ կապված, այլև՝ մեղադրյալին բնութագրող բոլոր հանգամանքները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս