«Ինչո՞ւ 82 էջում որևէ տեղեկություն չկա Սերժ Սարգսյանի անցած ճանապարհի մասին». փաստաբան Ամրամ Մակինյան

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստում, երբ դատարանը հրապարակեց  Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալները, ՀՀ երրորդ նախագահի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ  քրեական գործի 82 էջանոց մեղադրական եզրակացության մեջ չկա Սերժ Սարգսյանի մասին որևէ տեղեկություն:

Փաստաբանը մեջբերեց օրենքը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունում պետք է  շարադրված լինեն մեղադրյալի մասին բոլոր տեղեկությունները:

«Պատահակա՞ն է, որ քննիչը օրենքով սահմանված իր պարտականությունը չի կատարել: Իհարկե պատահական չէ: Վստահ եմ, որ մեղադրողը, լինելով իրավաբանական գիտությունների թեկնածու, շատ լավ քաջատեղյակ է եղել օրենսգրքին: Հարց է առաջանում՝ չի՞ տեսել դատախազը սա: Իհարկե տեսել է»,- հայտարարեց  փաստաբան Ամրամ Մակինյանը՝ շեշտելով, որ պատահական չէ, որ օրենսդիրը քննիչի վրա անձանց ներկայացնելու պարտականություն է դրել:

«Էս ի՞նչ ա կատարվում, հարգելի դատարան: Արդյոք կարելի՞ է աչք փակել այն հանգամանքի վրա, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս 1989 թվականին ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական կռիվները: Սա ո՞ւմ համար վճռորոշ չէ: Ինչո՞ւ չի նշվել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ինքնապաշտպանական ուժերը ղեկավարել է մինչև 1993 թվականը, որ 1993-1995թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: Ինչո՞ւ է քննիչը մոռացել, որ 1992 թվականին Շուշիի ազատագրման օպերացիայի սխեմայի վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը: Կարևո՞ր չէ, որպես Սերժ Սարգսյանի անձը բնութագրող հանգամանք՝ նշել 1994 թվականը, երբ Ադրբեջանին պարտադրվել է զինադադարը, ՀՀ կողմից այդ փաստաթուղթը ստորագրել է Սերժ Սարգսյանը»,- հայտարարեց Մակինյանը՝ նշելով, որ սրանք կարևոր հանգամանքներ են նաև դատարանի համար:

Սերժ Սարգսյանի մասին այլ տեղեկություններ ևս ներկայացնելով՝ փաստաբանը միջնորդեց դատարանին, որ Սերժ Սարգսյանի անձը բնութագրող իր նշած հանգամանքների մասին պատկան մարմիններից պահանջվեն տեղեկություններ և կցվեն քրեական գործին:

Մանրամասները՝ 168.am-ի կայքում

Տեսանյութեր

Լրահոս