Մորթի ենթակա խոզ, ցուլ ունենք, բայց սպանդանոց չկա, բա մենք ի՞նչ անենք. գյուղացիներ
Թալինի և սահմանակից համայնքների՝ Ակունք, Դաշտադեմ, Թաթուլ, Մաստարա, Կաթնաղբյուր, Եղնիկ, Կարմրաշեն գյուղի բնակիչները դժգոհում են՝ անասուններին չեն կարողանում մորթել. համայնքում սպանդանոց չկա:
«Չգիտենք, թե այս հարցն ինչպե՞ս է լուծվելու: Մորթի ենթակա խոզ, ցուլ ունենք, բայց սպանդանոց չկա: Իսկ եթե այս պայմաններում մորթ իրականացնենք, միսը չենք կարողանալու վաճառել, որովհետև Երևանի սուպերմարկետներում միայն սպանդանոցներից են միս վերցնում: Բա մենք ի՞նչ անենք այս դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում ասացին գյուղացիները:
Խնդրի վերաբերյալ կապ հաստատեցինք Թալինի համայնքապետ Սարգիս Արամյանի հետ:
«Հարցով զբաղվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ): Ամեն դեպքում սպանդանոցներ բացելու հարցով համայնքապետարանին դիմողներ չեն եղել: Ինչ վերաբերում է նրան՝ խնդրի մասին բարձրաձայնե՞լ եմ, թե՞ ոչ, ապա բարձրաձայնողներն այնքան շատ են, որ բոլոր տեղերում բարձրաձայնված է»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը:
ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն էլ նշեց. «Գիտենք, որ այդտեղ չկա սպանդանոց, բայց հետաքրքրվողները շատ են, և հենց պետական աջակցության ծրագիրը հրապարակվի, կարծում եմ՝ մի քանիսը կսկսեն սարքել»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստում հաստատվեց սպանդանոցների վերաբերյալ որոշումը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց՝ առաջարկել են փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում՝ 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն:
Առաջինը՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, երկրորդ՝ միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում, և երրորդ՝ մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:
Ավելի վաղ՝ հունվարի 22-ին, ԱԺ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սպանդանոցային համակարգին անցնելու հետ կապված բողոքներին ու խնդիրներին՝ նշելով, որ Կառավարությունը մարզպետարանների և ՍԱՏՄ-ի հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ։
«Աշխատենք և այս պրոցեսը մինչև վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից ի վեր այս թեմային այլևս չենք վերադառնալու։ Մինչև փետրվարի վերջը պատրաստ ենք այլ առաջարկներ լսել։ Մինչև մարտի 1-ն այս ֆինանսավորումը կբացենք, մինչև հուլիսի 1-ը տալ ժամանակ, որ մեր հայրենակիցները իրար հետ միանան, այս գումարը վերցնեն ու ներդրումն անեն։ Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետև այդտեղ հարմար է, կամ սովորել ենք այդտեղ ապրել։ Եթե մեր բողոքող հայրենակիցների համար այս առաջարկն ընդունելի է, ուրեմն պատրաստ ենք այս 3 գործողություններն անել. թյունինգ անել սուբսիդավորվող վարկերը և լիզինգային ծրագրերը, մինչև հուլիսի 1-ը հետաձգել, բացառությամբ Երևանի սուպերմարկետների, ռեստորանային և հանրային սննդի ցանցերի, որոնք կլինեն միայն սպանդանոցներից։ Մնացած վայրերինը առայժմ կմնա նույնը»,- ասել էր վարչապետը։