Առհասարակ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն Փաշինյանն է. Կոնստանտին Տեր-Նակալյան
«Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների համար անընդհատ, որպես փաստարկ, ներկայացնում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չի, այդ դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ նա խնդիր չունի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որովհետև նույն կազմն ընտրել է նախագահին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հավելելով, որ վարչապետի մոտ պետք է նաև նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցն առաջանա, քանի որ վերջինին ևս նախկին իշխանությունն է բերել քաղաքական դաշտ:
Ի դեպ, 2015-ի սահմանադրական փոփոխությամբ Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է նախորդ գումարման խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը և ստացել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակին՝ «Ադեկվադ» միաբանության անդամն ասաց. «Առհասարակ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն Փաշինյանն է։ Ինքը ջղայնացած է այն կիքսերից, որոնք թույլ է տվել, և որպես այդ կիքսերի ֆակտոր՝ ընտրել է Հրայր Թովմասյանին։ Ակնհայտ է, որ այս հանրաքվեի հիմնական մարտահրավերը ոչ թե «Այո»-ի և «Ոչ»-ի պայքարն է, այլ ժողովրդի մասնակցությունն ապահովելն է։ Մարդիկ հետաքրքրված չեն, և Փաշինյանի ամենամեծ խնդիրն այն է, որ իր ավանդական բոբոն չկա, ՔՊ-ն չի կարողանում ձևավորել այն հրեշի կերպարը, որի դեմ պետք է քաջաբար պայքարել, և որին պետք է քաջաբար մերժել»:
Նա հավելեց, որ իշխանությունն այժմ խնդիր ունի, քանի որ չարագործների բանդա չստեղծվեց, որին ժողովուրդը պետք է դեմ գնար՝ սահմանադրական փոփոխություններին «այո» ասելով։ Այդ պատճառով, իշխանությունը փորձում է արհեստականորեն ձևավորել մի հրեշի, որին ժողովուրդը դեմ կգնա։
Politik.am լրատվականի խմբագիր Բորիս Մուրազին էլ հավելեց, թե չպետք է տրվել իշխանության մանիպուլյացիաներին, և չպետք է ընդունել, որ ժողովուրդն է պահանջում սահմանադրական փոփոխություններ, կամ հանրաքվեն անցկացվում է ժողովրդի լիակատար աջակցությամբ։
«Շատ կարևոր է, որ հանրաքվեի ընթացքում հասարակությունն իր համար կոնկրետ հարցերի պատասխաններ ստանա։ Արդյո՞ք այս հանրաքվեն միայն քվեարկության դրված հոդվածի փոփոխության համար է, և արդյո՞ք ապրիլի 5-ից հետո՝ «Այո»-ի հաղթելու դեպքում, իշխանությունները չեն կանգնի ու ասի, որ հարկերը բարձրացնելու են 5%-ով, որովհետև ապրիլին «Այո»-ն հաղթել է, և ըստ էության ժողովուրդը վստահել է իշխանությանը։ Ժողովուրդը պետք է իմանա՝ ինչի համար է քվեարկում»,- նշեց Մուրազին։
Տեր-Նակալյանն էլ ասաց, որ նախքան սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելը Փաշինյանը փորձել է իր թիմով հարցին լուծում տալ, սակայն ԵԽԽՎ դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասվել է՝ «գոնե տեղ թող, որ քեզ կարողանանք պաշտպանել»:
«Նիկոլը ԵԱՀԿ-ի մարդն է, կառույցը նրան բերել է իշխանության և ամեն կերպ աջակցում է, որպեսզի Նիկոլը կոնկրետ հարց լուծի, ու այդ հարցը կոչվում է Արցախյան հարց։ Ու հիմա Նիկոլն իր քմահաճույքի համար ԵԱՀԿ-ի գործը բարդացնում է, չնայած վերահսկելի ՍԴ ունենալու օրակարգը միայն Նիկոլի օրակարգը չի, նաև ԵԱՀԿ-ի օրակարգն է։ Եկեք հասկանանք, որ այստեղ հարցը Ստամբուլյան կոնվենցիան կամ Ամուլսարը չեն, այլ այստեղ այլ հարց կա. իրենք հիմա գիտեն, որ կա փաստաթուղթ, որը ՍԴ-ն ոչ մի կերպ չի ստորագրի»,- վստահեցրեց Տեր-Նակալյանը։