Բաժիններ՝

Քաղաքապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաները՝ Ոստիկանության ուշադրության կենտրոնո՞ւմ

168.am-ի տեղեկություններով՝ երեկ կեսօրից հետո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են հրավիրվել Երևանի քաղաքապետարանի Շինարարության ու բարեկարգման վարչության ներկա ու նախկին պետեր Գրիգոր Հարությունյանն ու Սամվել Մհերյանը:

Փորձեցինք լուրը ճշտել Երևանի Քաղաքապետարանից:

Քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: Խնդրեցինք ճշտել ու ավելի ուշ տեղեկացնել, ինչին քաղաքապետի խոսնակը պատասխանեց, որ վստահ չէ, որ ինքը նման տեղեկատվություն տրամադրելու իրավասություն ունի:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Ոստիկանությունից: Այնտեղից էլ մեզ պատասխանեցին, որ իրենք անձանց վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում:

Զանգահարեցինք շինբարեկարգման վարչության գործող պետ Գրիգոր Հարությունյանին, ով, ըստ մամուլի տեղեկությունների, ինչը նա չէր էլ հերքել, քաղաքապետ Հայկ Մարությանի բնակարանի շինարարն է:

Վերջինս մեզ ասաց, որ ժողովի է, չի կարող երկար խոսել:

Հարցին՝ արդյո՞ք ինքը հրավիրվել է ոստիկանություն, նա պատասխանեց.

«Ինձ ոչ ոք չի հրավիրել ոչ մի տեղ: Կներեք, ժողովի եմ»:

Սամվել Մհերյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս