
Ֆրանսիական Sanofi-ն պատվաստանյութ է մշակում Covid-19 կորոնավիրուսի դեմ

Sanofi ֆրանսիական դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ զբաղվում է Covid-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ: Ընդսմին նա օգտագործելու է SARS ատիպիկ թոքաբորբի դեմ պատվաստանյութի ստեղծման իր փորձը. ընկերությունում սպասում են, որ դա կարագացնի եւ կդյուրացնի աշխատանքը։
Այս աշխատանքում ընկերությունը մտադիր է համագործակցել ԱՄՆ-ի առողջապահության նախարարության հեռանկարային կենսաբժշկական հետազոտությունների եւ մշակումների վարչության հետ: Sanofi-ի՝ Sanofi պատվաստանյութերի մշակման բաժնի ղեկավար Դեւիդ Լեւան The Wall Street Journal-ին ասել է, որ մարդկանց վրա պատվաստանյութի թեստավորումը կսկսվի մեկ-մեկուկես տարի անց, իսկ լայն օգտագործման համար, համենայն դեպս շտապ դեպքերում, այն կարող է հասանելի լինել երեք-չորս տարի անց: Դեռեւս ոչ մի պատվաստանյութ կամ պատրաստուկ չի ապացուցել իր արդյունավետությունը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում, նշում է WSJ-ն:
Պատվաստանութի ստեղծման աշխատանքն սկսելու մասին արդեն հայտարարել են Moderna Inc.-ը, Inovio Pharmaceuticals Inc.-ը, Novavax Inc.-ը, ինչպես նաեւ առողջության համար ապրանքների ամերիկյան խոշոր արտադրողը՝ Johnson & Johnson-ը: Նման աշխատանքներ են իրականացնում բրիտանացի գիտնականները՝ Լոնդոնի Կայսերական քոլեջից, ինչպես նաեւ Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի աշխատակիցները: Ամերիկյան Gilead Sciences Inc. կենսադեղագործական ընկերությունը, իր հերթին, կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման հնարավորությունները հետազոտում է իր փորձարարական պատրաստուկի օգնությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: