
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում նշվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և լիտվացի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսության պահպանումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր երկրների:
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերությանը Լիտվայի շարունակական աջակցությունը և համոզված ենք, որ Վիլնյուսի ու Երևանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը լայն հնարավորություններ կբացի երկկողմ տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և մարդկային շփումների զարգացման համար։
Ուրախությամբ տեղեկացա, որ ընդունել եք Հայաստանի Հանրապետություն այցելելու իմ հրավերը: Մեծ սիրով սպասում ենք Ձեզ և տիկին Սկվերնելիսին Երևանում, ինչը նոր շունչ և որակ է հաղորդելու մեր բարեկամական հարաբերություններին»։