«Ձեռք ձեռքի տված պետք է հասկանանք, որ մեր հաղթանակը մտնելու է դասագրքերի մեջ». Արա Վարդանյան

«Մենք այսօր տեսնում ենք, որ իշխանությունն անցած երկու տարվա մեջ շատ հարցերում գնացել է ինչ-որ քայլերի և կեսից հետ կանգնել, օրինակ՝ Ամուլսարը: Իշխանությունն այդ հարցն առկախել է օդում՝ չկա հարցի լուծում, կա վտանգ, որ Ամուլսարի սեփականատերերը կդիմեն միջազգային դատարաններ, և արդյունքում կարող են մինչև 2.5 միլիարդ դոլարի վնասների փոխհատուցում պահանջել: Տեսնում ենք մի խնդիր, որտեղ կա դիմադրություն, և Նիկոլ Փաշինյանը չի գնում այն կոտրելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը:

Նրա կարծիքով՝ այդպես է, օրինակ, սպանդանոցների հարցը: Կրկին բողոքի ալիք բարձրացվեց, և Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց այդ որոշումից:

«Իսկ հանրաքվեի հարցով պետք է հասկանանք, որ օրենքն անցկացվել է, որպեսզի կրկին ճնշում գործադրվի դատավորների վրա: Դատավորները, որ ունեն մոտ 15 օր ժամանակ՝ հրաժարական ներկայացնելու համար, կարծում եմ, դրանից հետո իշխանությունը կգտնի ինչ-որ ձև՝ այս հանրաքվեից հետ կանգնելու: Դժվար է ժողովրդին բացատրել, թե ինչո՞վ է իրենց կյանքը փոխվելու, եթե գնան «Այո» կամ «Ոչ» քվեարկելու: Միմիմում 650.000 կողմ քվե է պետք հավաքվի, և, եթե տեղի ունենա հանրաքվե՝ ականատես ենք լինելու ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ ձևով անցկացված ընտրությունների: Եթե այս ընտրություններին պարտվեն՝ իշխանությունը շատ արագ կհանձնեն: Անելու են ամեն ինչ, որպեսզի հաղթեն, լինելու են նախկին օգտագործված գրեթե բոլոր հնարավոր մեխանիզմները: Համոզված եմ՝ թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը բերելու են իշխանափոխության:

Հաղթանակը տեղի է ունենալու բիրտ ճնշումների և կեղծիքների հաշվին, իսկ պարտությունը ցույց կտա, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում այն վստահությունը, որն ուներ երկու տարի առաջ»,- նշեց նա:

Արա Վարդանյանը նաև այն կարծիքին է, որ չի կարելի ասել՝ հնին վերադարձ չկա, քանի որ եղել են պարկեշտ պաշտոնյաներ, լավ կուսակցություններ և այսօր էլ կան:

«Միահամուռ ուժերով հանուն լավ Հայաստանի պետք է պայքարենք ու փորձենք բարեկարգել բոլոր ոլորտները, այդ թվում՝ դատական: Մենք պետք է մեկ բան գիտակցենք, որ այսօր ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝  պայքարում ենք գերպետությունների դեմ, որոնք ՀՀ-ում իրականացնում են, այսպես կոչված, «սպեց-օպերացիա», փորձում են Հայաստանը փլուզել ներսից: Հիմքում դրված է երկու խնդիր. առաջինը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում, և դրա արդյունքում՝ Արցախի հարցի ոչ բարենպաստ լուծում: Փոքր Հայաստանում այսօր տեղի է ունենում շատ լուրջ մարտ. մեր ընդդիմությունը շատ զգոն պետք է լինի: Ձեռք ձեռքի տված պետք է հասկանանք, որ մեր հաղթանակը մտնելու է դասագրքերի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս