
Որոշ ավտոճանապարհներ դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և Ծաղկահովիտ գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի, Արարատի մարզերում, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի, Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։