Գերմանիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Վոլֆգանգ Շոյբլե
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Բունդեսթագի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վոլֆգանգ Շոյբլեն վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վերը նշված համաձայնագիրը վավերացնելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ժողովրդավարության վերաբերյալ բոլոր վարկանիշային աղյուսակներում մեծ առաջընթաց է գրանցել: Մեր կառավարությունը Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման ևս մի կարևոր նպատակադրում ունի: Ձեր երկիրը մեզ համար հետաքրքիր է որպես կայացած խորհրդարանական պետություն, քանի որ 2018 թվականից Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից ևս անցում է կատարել խորհրդարանական համակարգի»,- ասել է վարչապետը` կարևորելով այս ուղղությամբ գերմանական փորձի փոխանակումը` համակարգը մեր երկրում ավելի ֆունկցիոնալ դարձնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` իր գլխավորած կառավարության նպատակն է, որպեսզի Հայաստանում ևս ժողովրդավարությունը, անկախ, վստահելի դատական համակարգը նույնքան անշրջելի լինի, որքան Գերմանիայում է:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել է հետևելու ինչպես հանրաքվեի ընթացքին, այնպես էլ հետագայում Սահմանադրական դատարանի համալրման գործընթացին:
Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել մեր երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին` ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացմանը: Վոլֆգանգ Շոյբլեն հույս է հայտնել, որ Հայաստանը, անձամբ վարչապետ Փաշինյանը կշարունակի ջանքերը նպաստելու երկու միությունների միջև հարաբերությունների խթանմանը:
ՀՀ կառավարության ղեկավարը ևս կարևորել է ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության նոր բանաձևերի որոնումը և նշել, որ ԵԱՏՄ շրջանակում ևս հարցը քննարկվում է: