ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ կանցկացնի նաև մեդիա գովազդի ոլորտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի շուկայի ուսումնասիրության արդյունքում վարույթ էր հարուցել 8 ընկերության դեմ:

«Մեր ստացած ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ ինքնարժեքից ցածր է վաճառվում խոշոր սուպերմարկետներում, առևտրային ցանցերում: Բայց հիմա վարույթ ենք հարուցել, որպեսզի հասկանանք՝ ինչի՞ արդյունք է: Վարույթը հարուցված է փաստի հիմքով՝ հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում: Վարույթը որ ավարտենք, արդեն պարզ կլինի»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ-ն այս պահին ուսումնասիրություններ է  իրականացնում 6 այլ ռիսկային շուկաներում՝ հասկանալու համար՝ կա՞ արդյոք մենաշնորհ, թե՞ ոչ:

Առնվազն 6-7 ամիս ուսումնասիրություններ կարվեն ցորենի, այլուրի, հանքարդյունաբերության, դեղերի շրջանառության, ձվի, մեդիա գովազդի ոլորտներում:

Իշխանությունները հաճախ մեդիա գովազդը կապում են Միքայել Մինասյանի անվան հետ: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ իրենց համար նշանակություն չունի, թե բիզնեսն ում է պատկանում:

«ՏՄՊՊՀ-ն զբաղվում է իր գործով, մենք չենք կարող նման հայտարարություններ անել, մենք քաղաքական մարմին չենք, քաղաքականությամբ չենք զբաղվում, ինչքան էլ ուզում է պնդեն՝ քաղաքական պատասխանատվության չենք ենթարկվում և չունենք քաղաքանությամբ զբաղվելու որևէ հնարավորություն»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս