«Իմ տեղեկություններով` բանակում մահվան դեպքերի թվի աճ չկա, և գրեթե բոլոր տարիներին թիվը պահպանվում է». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ բանակում առկա խնդիրները վերցանելու համար պետք է նոր գործիքակազմ մշակել, իսկ դրանց առավել արդյունավետ լուծում տալու համար անհրաժեշտ է սպասել, մինչև զինվորների մահերի հետ կապված քրեական գործերն ավարտվեն, որից հետո էլ կպարզվեն պատճառահետևանքային կապերը:
Պատգամավորը կիսում է վարչապետի այն տեսակետը, որ բանակում միջանձնային հարաբերություններում ծագող խնդիրների պատճառը քրեական ենթամշակույթն է.
«Իհարկե, մեծամասամբ նպաստող պայման է հանդիսանում քրեական ենթամշակույթի առկայությունը զորամասերում և ընդհանրապես հասարակության մեջ: Զորամասերում չի կարող քրեական ենթամշակույթ լինել, եթե այն հանրության մեջ չլինի, հանրության մեջ եղած այդ քրեական ենթամշակույթի պատկերացումները տեղափոխվում են զորամաս, իսկ զորամասը, ինչպես գիտենք, վտանգի առավել մեծ աղբյուր է հանդիսանում. զենքի, զինծառայողների հետ առնչություն ունենք, ինչն էլ երբեմն բերում է նման դժբախտ դեպքերի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորի տեղեկություններով` բանակում մահվան դեպքերի թվի աճ չկա, և գրեթե բոլոր տարիներին թիվը պահպանվում է, սակայն բանակում անգամ մեկ զոհն անընդունելի է, և պետք է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի բանակում մեկ զոհ էլ չլինի:
«Կրկնում եմ՝ քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունն է, որը լրջորեն վնաս է պատճառում բանակում զինվորների ծառայությանը: Այս ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկվում, և Քրեական օրենսգրքում համապատասխան լրացումների և փոփոխությունների տեսքով՝ քրեական ենթամշակույթին հարելը դարձել է հանցագործություն: Այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրա արդյունավետությունը մենք վիճակագրությամբ կփաստենք»,- շեշտեց նա:
Արմեն Խաչատրյանը նաև նշեց, որ Պաշտպանության հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է բանակում առկա իրավիճակը, դեռ խորը և լուրջ ուսումնասիրություններ են կատարվելու, ինչից հետո հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի:
Հիշեցնենք, որ 2020 թվականի առաջին 1.5 ամսում Հայոց բանակում 12 զինվոր է զոհվել, բոլորը՝ չպարզված հանգամանքներում: Զինվորներից 6-ը զոհվել են հունվար ամսին, մյուս 6-ը՝ փետրվարի առաջին տասնօրյակում:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում