«5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել. հայտնի են երաշխավորողները. «Փաստինֆո»
«5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդություն է ներկայացվել Դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Պաշտպանի փոխանցմամբ՝ Թավադյանի համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդությունից, բողոքարկվել է նաև Թավադյանի գույքի վրա կալանք դնելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։ Ընդ որում՝ այդ մասին պաշտպանական կողմը տեղեկացել է ՝ ի պատասխան գրավոր ներկայացված միջնորդության։ Հարցին ի պատասխան, թե՞ ինչու նախաքննական մարմինը չի տեղեկացրել գույքի վրա կալանք դնելու որոշման մասին և արդյո՞ք այդտեղ միտում է նկատվում, պաշտպանը նկատեց, որ նախկինում նման գործընթացով անցել են և միտում տեսնում է։
«Ընդհանրապես օրենսդրությունը նախատեսում է, որ, եթե գույքի վրա կալանք է դրվում և այդ որոշման շրջանակներում գույքն առգրավվում է, պետք է անձին նախապես ներկայացվի այդ որոշումը, որի մեջ պետք է նշված լինի կոնկրետ պատճառաբանություն, թե ինչու է դա դրվում, նշված լինի կոնկրետ չափ, թե ինչ չափն է բավարար այդ նպատակին անցնելու համար և այդ չափով անձին առաջարկվի հանձնել գույք՝ իրեն պատկանող և արձանագրություն կազմվի դրա մասին։ Դա պատշաճ դատավարական ընթացակարգ է։ Մեզ մոտ ամեն ինչ հակառակ է կատարվում։ Սկզբից կատարվում են առգրավումներ, վերցվում են խուզարկության նպատակների հետ կապ չունեցող միջոցներ, հետո դրանից հետո որոշում է կայացվում գույքի վրա կալանք դնելու, հետո այդ որոշումը միայն մեր կողմից պահանջելուց հետո է տրամադրվում մեզ։ Այսինքն՝ մինչև այդ մենք պահանջել ենք զուտ ենթադրություն ունենալով, որ նման որոշում կա։ Եթե չպահանջեինք, գուցե չտային էլ»,- ասաց Խուդոյանը։
Խուդոյանի խոսքով՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ։
«Բացի այդ՝ գույքի առգրավումը խուզարկության թույլտվության որոշման մեջ չի եղել»,- ասաց պաշտպանը։ «Անձի անշարժ գույքի վրա կալանք են դնում, երբ որևէ պատճառաբանություն չկա, թե ինչու է դա կատարվում և ինչ չափն է բավարար»,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ այս գործով մեկ-երկու փորձաքննությունից ավել 150-200.000 ՀՀ դրամից ավել ծախս չի կարող լինել։
Ըստ նրա՝ խուզարկության ընթացքում առգրավված դրամական միջոցներն անհիմն վերցվել և պահվում են։
Ինչ վերաբերում է հեռուստաընկերությանն, ապա Խուդոյանն ասաց, որ Արմեն Թավադյանին պատկանող «5-րդ ալիք» ՀԸ-ն ևս կալանքի տակ է՝ որպես սեփականություն, այսինքն՝ չի կարող վաճառվել, բայց հեռուստաընկերության հաշվի վրա կալանք դրված չէ։ Հարցին, թե արդյո՞ք կալանք է դրված նաև նույն գործով մյուս մեղադրյալի գույքի վրա, պաշտպանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: