Բաժիններ՝

Տյառնընդառաջի օրը հայ առաքելական եկեղեցիներում կանցկացվի նորապսակների օրհնության կարգ

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ օրը նշվում է Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո և համարվում է անշարժ տոն:

«Ըստ Աստվածաշնչի՝ Մարիամը քառասուն օրական Հիսուսին տարել է տաճար՝ Աստծուն ընծայելու: Այնտեղ Սիմեոն անունով մի ծերունի, ում Սուրբ հոգուց հրամայված էր, որ չմահանար մինչև չտեսներ Իսրայելի փրկչին՝ առաջնորդվելով Աստծո հրամանով, ճանաչել և ընդառաջ է գնացել մանուկ Հիսուսին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը»,- ասաց Տեր Եսային:

Նրա խոսքով՝ այդ նույն խորհուրդը փոխանցվել է հայ առաքելական եկեղեցու բոլոր հետևորդներին, երբ հավատացյալները, տոնի խորհրդին ընդառաջ, փորձում են Աստծո նկատմամբ իրենց հավատը, հույսն ու վստահությունը ավելի զորացնել:

«Փետրվարի 13-ին եկեղեցում ժամերգությունից հետո արվում է Տյառնընդառաջի նախատոնակը՝ նորապսակների համար խարույկ է վառվում, որի վրայով նրանք թռչում են: Փետրվարի 14-ին էլ մատուցվում է տոնական պատարագ, ինչից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Խարույկ վառելու արարողության ծեսը պահպանվել է նախաքրիստոնեական շրջանից: Կրակը ժողովրդական սովորույթ է, խաղ, սակայն ոչ պաշտամունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս