Քարոզարշավի ընթացքում տնտեսական ակտիվությունն է՛լ ավելի կմեծանա. Վարչապետն ակտիվորեն ընտրական տուրիզմով զբաղվելու կոչ է անում
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վստահեցնելով, որ քարոզարշավը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենալու, այլ ավելի է խթանելու, ըստ նրա, առկա տնտեսական աճը:
«2019 թվականի փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործոնը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացու ունեցած վստահությունն է: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ էլ ավելի կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունը էլ ավելի կմեծանա: Եվ ես համոզված եմ, որ ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենա քարոզարշավը տնտեսական ընդհանուր վիճակի վրա, այլև կունենա աշխուժացնող ազդեցություն, մանավանդ, ինչպես երևում է, արտերկրում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան քվեարկելու համար, և մենք ոնց որ թե ստեղծում ենք տուրիզմի մի նոր տեսակ, որը կոչվում է ընտրական տուրիզմ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնեց, որ ինքն է լինելու ընտրական տուրիզմի հայտնագործողը:
Այդ ժամանակ դահլիճից հնչեց, որ ընտրական տուրիզմ երևույթը վաղուց գոյություն ունի աշխարհում: Բայց դա վարչապետին չխանգարեց, հակառակը՝ օգտվելով ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու հնարավորությունից, նորից դիմեց արտերկրում ապրող հայերին:
«Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ դիմել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, անպայման այս ընթացքը օգտագործել, մանավանդ հիմա աներևակայելի ցածր գներով ավիատոմսեր կարելի է գնել մի շարք եվրոպական քաղաքներից, և ժամանել Երևան, Հայաստան: Իսկ մեր այն հայրենակիցներին, ովքեր չունեն քաղաքացիություն, նրանք նույնպես ընտրական տուրիզմից զերծ թող չմնան: Նրանք էլ կարող են գալ և դիտարկել, թե ինչպես են ժողովրդավարական պրոցեսները ՀՀ-ում տեղի ունենում, և մենք բոլորս հաճելին օգտակարի հետ կհամատեղենք և նոր խթան կտանք մեր տնտեսությանը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ քարոզարշավը չի կանգնեցնելու այն «հսկայական, աննախադեպ չափերի կապիտալ ծախսերը», որ կառավարությունը պլանավորել է, և քարոզարշավը լուրջ խթան է լինելու տնտեսական ակտիվացման համար:
«Էլ չեմ ասում անշարժ գույքի շուկայում տիրող ակտիվությունը: Կարծում եմ, որ մենք այս ողջ պրոցեսը պիտի տանենք բարձր տնտեսական, քաղաքական և հանրային տրամադրությամբ»,- հավելեց վարչապետը: