«Շատ շուտով միջազգային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցը». խոսնակ
«Սանիթեք» ընկերության իրավաբանական թիմն ավարտել է փաստաթղթերի հավաքագրման գործընթացը, և շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցը: Այս մասին 168.am–ի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության մամուլի խոսնակ Քնար Առաքելյանը՝ հավելելով, որ մարտ ամսին գործընթացի վերաբերյալ բոլոր մանրամասնությունները պատշաճ կերպով կներկայացվի հանրությանը:
««Սանիթեք» ընկերությունն այս վերջին մի քանի ամիսներին ամբողջովին զբաղված է հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով: Ընկերության իրավաբանական թիմը, որում ներգրավված են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային անգլո-ամերիկյան կազմակերպությաններից մեկի միջազգային արբիտրաժի լավագույն մասնագետները, արդեն ավարտում են ներկայացվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացը»,- մանրամասնեց Ք. Առաքելյանը:
Հիշեցնենք՝ «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որով մասնավորապես տեղեկացնում էր, որ իր նկատմամբ՝ որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation): Ընկերությունից նաև տեղեկացրել էին, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ Երևանի քաղաքապետարանը չեն արձագանքել ընկերության՝ բանակցային ճանապարհով առկա ներդրումային վեճը լուծելու ծանուցմանը, ուստի սկսել են նախապատրաստել փաստաթղթերը՝ հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու համար: