Բանկերի ժամկետանց վարկերն ավելացել են, և ոչ միայն՝ ժամկետանց վարկերը

Չնայած Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է, այնուհանդերձ դա չի նշանակում, թե նվազել են նաև ժամկետանց վարկերը։ Բանկերի ժամկետանց վարկերն անցած տարի ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։

Եվ ոչ միայն՝ ժամկետանց վարկերը. կտրուկ աճել են առևտրային բանկերի հատկապես երկարաձգված վարկերը։ Իսկ դա պակաս կարևոր ցուցիչ չէ բնակչության վարկունակության գնահատման համար, որքան ժամկետանց վարկերը։

«ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0,85 տոկոս»,- ֆեյսբուքյան իր էջում անցած շաբաթվա վերջին գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ եզրակացնելով, որ դա վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին։

Վարչապետի այս գրառմանը շտապեց արձագանքել Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը՝ գրելով՝ «Վարչապետ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի 0,85 տոկոս ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան։ Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլյացիայի մաս է կազմում նաև Կենտրոնական բանկը, որը վստահաբար տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ, ենթադրում եմ՝ թվերն իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում՝ արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած՝ նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալն ավելի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ»։

Թե Մանե Թանդիլյանն ինչ տվյալների հիման վրա է նման եզրակացության եկել, դժվար է ասել. պաշտոնական վիճակագրության մեջ նման տվյալներ չկան։ Ամեն դեպքում, պետք է ենթադրել, որ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն առանց հիմքերի նման եզրակացություն չէր անի։ Ինչևէ, մի կողմ թողնելով նրա և վարչապետի վերոնշյալ գրառումների հակասությունը, անդրադառնանք այն տվյալներին, որոնք արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։

Համաձայն այդ վիճակագրության՝ 2018թ. դեկտեմբերին առևտրային բանկերի ժամկետանց վարկերը կազմել են 30 մլրդ 710 մլն դրամ, 2019թ. դեկտեմբերին՝ 30 մլրդ 954 մլն դրամ։ Այսինքն՝ դրանք ոչ միայն չեն նվազել, այլև մի բան էլ ավելացել են։

Ճիշտ է, աճը շատ մեծ չէ, բայց կա։ Անցած տարի ժամկետանց վարկերն ավելացել են 244 մլն դրամով։

Բայց միայն այդ ցուցանիշը շատ քիչ է՝ գնահատելու համար բանկերի վարկային պորտֆելի վիճակը և եզրակացնելու, որ բնակչության վճարունակությունը բարձրացել է։ Պակաս կարևոր չէ երկարաձգված վարկերի ցուցանիշը։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնց ժամկետները վերաձևակերպվել և երկարաձգվել են։

Այնպես չէ, որ վարկերի ժամկետները լավ օրից են երկարաձգվում։ Պատճառը վերադարձման դժվարություններն են, որոնք ստիպում են վարկառուներին ու բանկերին՝ համաձայնության գալ մարման ժամկետների տեղափոխման վերաբերյալ։ Դրանք ևս վատորակ վարկեր են, որոնց վերադարձման ռիսկայնությունը բարձր է։

Ի տարբերություն ժամկետանցների, իր գրառման մեջ երկարաձգված վարկերի մասին Նիկոլ Փաշինյանը գերադասել է ոչինչ չասել։ Մինչդեռ անցած տարի դրանք բավական կտրուկ ավելացել են։ Եվ ոչ միայն՝ ավելացել են, այլև՝ մեծացել է նման վարկերի տեսակարար կշիռը բանկերի վարկային պորտֆելում։ Եթե 2018թ. վերջին այդպիսին էր վարկերի 2,86 տոկոսը, ապա 2019թ. վերջին այն հասել է ընդհուպ 3,08 տոկոսի։

Բայց դա էլ ամենը չէ. լիարժեք պատկերացնելու համար, թե ինչ է կատարվել երկարաձգված վարկերի պորտֆելում, դիտարկենք նաև դրանց զուտ գումարային շարժը։ Արդյունքում կստացվի, որ, եթե 2018թ. դեկտեմբերին երկարաձգված վարկերը կազմում էին 88 միլիարդ, ապա 2019թ. դեկտեմբերին գերազանցել են 111,7 մլրդ դրամը։ Այսինքն՝ անցած տարվա ընթացքում ավելացել են 23,7 միլիարդով։

Աճը հասնում է շուրջ 27 տոկոսի։ Սա շատ ավելին է, քան բանկերի վարկային պորտֆելի ընդհանուր աճը։

Ժամկետանց վարկերի փոփոխությունները նաև դրանով են պայմանավորված։ Իրականացված համաներումից կամ տույժ-տուգանքներից ազատելուց հետո, պարտավորությունները վերաձևակերպվել և տեղափոխվել են բանկերի երկարաձգված վարկերի պորտֆել։

Այնպես որ, հասարակության վճարունակության մասին խոսելիս, լավ կլիներ, որպեսզի վարչապետը հաշվի առներ նաև այս հանգամանքը։ Թե չէ անմտություն է վերցնել մի ցուցանիշ և առանց խորանալու դրա փոփոխության պատճառների մեջ՝ հեռուն գնացող հետևություններ ու եզրակացություններ անել։ Բազմաթիվ վարկառուներ այսօր էլ դժվարություններ ունեն՝ վարկերի վերադարձման հետ կապված, ու քիչ չեն նաև այն դեպքերը, երբ մի վարկը վերցնում են՝ մյուսը սպասարկելու համար։

Եթե վարկային շուկայում ամեն ինչ այդքան լավ է, ինչի՞ համար են Կենտրոնական բանկի այն անհանգստությունները, որ վարկային բեռը տնային տնտեսությունների վրա ավելի արագ է ծանրանում, քան նրանց եկամուտներն են ավելանում։ Կամ ինչո՞ւ է ԿԲ-ն խոսում վարկերի տրամադրման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտության մասին։

Պատճառը շատ պարզ է՝ ռիսկեր են առաջացել՝ վարկերի վերադարձման հետ կապված։ Այդ ռիսկերն առաջիկայում կարող են խորանալ։ Հատկապես, որ բանկերի վարկային պորտֆելի ընդլայնումը տեղի է ունենում հիմնականում սպառողական և հիպոթեքային վարկերի հաշվին, որոնց շահառուները տնային տնտեսություններն են։

Այսօր չէ, որ երևալու է դրանց հետևանքները։ Հետևանքները սովորաբար ավելի ուշ են ի հայտ գալիս։ Բնավ էլ զարմանալի չի լինի, եթե առաջիկայում բանկերի անհուսալի վարկային կապիտալը սկսի ավելի արագ տեմպով աճել։

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ժամկետանց վարկերի տեսակարար կշռի կրճատումը կապել հասարակության վճարունակության բարձրացման հետ, միևնույն է, եկամուտների իրական աճ Հայաստանում դանդաղ է տեղի ունենում։ Ավելի դանդաղ, քան վարկային բեռն է ավելանում։ Ու դա վաղը կարող է խնդիրներ ստեղծել բանկային համակարգի համար։

Բանկային համակարգը Հայաստանում գուցե և կայուն է։ Բայց այնպես չէ, որ այստեղ խնդիրներ չկան։ Ոչ վաղ անցյալում մի՞թե ԿԲ նախագահը չէր, որ հայտարարում էր, թե սպառնալիքներ են առաջացել բանկային համակարգի, ինչո՞ւ չէ, նաև երկրի ֆինանսական կայունության համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս