Ուղիղ մեկ տարի առաջ ասացին՝ լուծարվում է Կրթության ազգային ինստիտուտը, բայց մինչև հիմա դոփում ենք տեղում. նախկին աշխատակիցներ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) նախկին աշխատակիցները։
«2019թ. հունիսից մինչ օրս սպասում ենք մեր կարգավիճակի ճշգրտմանը: 300 հոգի կորցրել է աշխատանքը: Սակայն նոր կառույցը՝ կրթական հիմնադրամը, որ պետք է լինի, դրա կանոնադրությունը չկա: Ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում կանոնադրության ուղղությամբ և մինչև հիմա չեն կարողանում լուծել այդ հարցը: Կարծում եմ՝ մրցույթը սխալ է, քանի որ չեն ընտրում այն մարդկանց, որոնք կարող են օգտակար լինել տվյալ աշխատանքների համար»,- լրագրողների հետ զրույցում պնդում էին Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները։
«Ինստիտուտի համար վերապատրաստումները երկրորդական աշխատանք են եղել, դրանք նախկինում հ/կ-ներն են իրականացրել, հետո, երբ անվճար դարձավ, արդեն ԿԱԻ-ում այդ աշխատանքներն իրականացրեցին: Բազմաբնույթ աշխատանքներ ենք կատարել՝ սկսած ծրագրերի լրամշակումներից, չափորոշիչների կազմումից, գրականության դասագրքերի փորձաքննությունից, բայց վեր են հանում այն հարցը, թե լավ վերապատրաստում չի կատարվել: Մի քանի ուսուցիչ Ֆեյսբուքում նման արտահայտություններ էին անում, կարծում ենք՝ դրանք ֆեյքեր էին, իսկական ուսուցիչը չէր կարող նման բան ասել, քանի որ մինչ օրս զանգում ու մեզանից խորհրդատվություն են վերցնում»,- հավելեցին նրանք:
Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները պնդում էին՝ խախտվել է Կրթության օրենքով նախատեսված այն դրույթը, որ 5 տարին մեկ անգամ ուսուցիչները պետք է վերապատրաստում անցնեն:
«Հիմա սա ընդհատվել է, ումի՞ց այդ ուսուցիչն աջակցություն ստանա: Իբր թե հ/կ-ն պետք է անցկացնի դա, բայց նրանք ի՞նչ են հասկանում վերապատրաստումից: Ուզում ենք, որ Կրթության ազգային ինստիտուտը վերականգնվի: Այն նախարարության ուղեղն էր, կրթության ողնաշարը: Ինչի՞ էր պետք փակել, ուղղակի զարմացած ենք: Մեկ տարի է՝ խոստումներ են տալիս, ոչ մի հիմնադրամ չստեղծվեց»,- հայտարարում էին բողոքի ակցիայի մասնակիցները, որոնց ավելի ուշ ընդունեց ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:
1.5 ժամ տևած հանդիպումից հետո ԿԱԻ նախկին աշխատակիցները հայտնեցին, որ քննարկել են նոր կառույցի ստեղծման ժամկետը, բայց չեն ասել, թե ե՞րբ, ինչպե՞ս է լինելու մրցույթը, քանի որ նոր չափորոշիչներ պետք է մշակվեն, իսկ կանոնադրությունը երկու անգամ չի հաստատվել:
«Հանդիպումը չգոհացրեց: Գրանցվել ենք, որ հանդիպենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Իսկ ակցիան շարունակական է լինելու»,- ասաց ԿԱԻ նախկին աշխատակիցներից Թամարա Թովմասյանը:
«Ուղիղ մեկ տարի առաջ ասացին, որ լուծարվում է Կրթության ազգային ինստիտուտը, և մինչև հիմա դոփում ենք նույն տեղում: Առանց այս կառույցի՝ կրթության ոլորտում խութեր են առաջանում: Ախր ինչի՞ համար անել մի բան, որի համար հետո պետք է պատասխան տալ: Ամբողջ տարի ժամանակ ունեինք, բայց մնացել ենք նույն տեղում: Այստեղ նաև օրենք է խախտվել: Հանրակրթության մասին օրենքով ուսուցիչների 1/5-ը պետք է ատեստավորում անցներ: Ասացին, որ նախարարն օրենքը կասեցրել է, նա նման իրավունք ունի՞»,- նշեց ԿԱԻ նախկին աշխատակիցներից Նունե Ամիրյանը:
ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանն էլ հայտնեց, որ նախկին աշխատակիցների դժգոհությունն արդարացված չէ:
«Աշխատանք ունենալու տեսանկյունից դժգոհությունը, բնականաբար, արդարացված է, բայց արդարացված չէ այն առումով, որ նախկինում ասել ենք, որ այդ կառույցը լուծարվում է, ստեղծվելու է նորը, աշխատակիցներն ընդգրկվելու են մրցութային կարգով: Գործընթաց է, որը մեր նախատեսածից երկար է տևել, փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրամի վերածելը բարդ է, հընթացս ձեռնամուխ ենք եղել նոր մարմնի ստեղծմանը: Մի քանի ամիս առնվազն կտևի, իսկ նոր կառույցում 300 աշխատատեղ չի լինելու, առավելագույնը 60-70 հոգի կարող է հավակնել այնտեղ աշխատել: Կառույցը եղել է ուռճացված աշխատակազմով: Ցանկանում ենք վերապատրաստումն էլ այլ մոդելով անցկացնել»,- պարզաբանեց Նաիրի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը դեռևս 2019թ. դեկտեմբերին Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ հիմնադրամի հիմքի վրա նոր կառույց է ստեղծվում, որը փոքր աշխատակազմ է ունենալու, և բոլոր հաստիքները համալրվելու են մրցույթով։
ԿԳՄՍ-ն 2019թ. փետրվարի 14-ին իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել, որ ԿԱԻ ՓԲԸ-ն լուծարվելու է, ստեղծվելու է կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: