Դատախազությունը գտնում է, որ ճիշտ չեն որակվել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքները

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է ըստ մեղադրանքի՝ Արա Բ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արս. Բ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են այն մասին, որ պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահելով իրենց լիազորությունները, մինչև 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու և այդ պաշտոնում մինչև 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու, այդ գործընթացը բնականոն ընթացակարգով իրականացնելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, առերևույթ կատարելով պաշտոնեական կեղծիքներ, ղեկավարվելով տվյալ պահին ակնհայտ չգործող օրենսդրական կարգավորումներով, ընդունել են գործող Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականը, ներկայացրել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությունը, և 2018թ. մարտի 21-ի հերթական նիստում վերջինս նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ սահմանադրական դատարանի օրինական շահերին: Արդյունքում կատարված արարքը ծանր հետևանքներ է առաջացրել ՀՀ օրինական շահերի համար՝ հանգեցնելով սահմանադրի՝ ՀՀ քաղաքացիների կամարտահայտության չիրագործման: Վերջինս արտահայտվել է նրանում, որ 2015թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձևավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, իրենց կազմից, առանց վերընտրվելու իրավունքով 6 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով, Սահմանադրական դատարան ունենալու կամարտահայտություն՝ ունենալով այդ կարգավորմամբ ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիք, ինչն արհեստականորեն խոչընդոտվել, չի իրագործվել վերը նշված արարքի հետևանքով։

Այսինքն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բ.-ի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: Հետևաբար՝ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ընդունած՝ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ»,- նշում են Գլխավոր դատախազությունից:

Տեսանյութեր

Լրահոս