
«Փաշինյանը մսխում է իր լեգիտիմությունը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանը մսխում է իր լեգիտիմությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վերջին գործողությունները կապված ՍԴ-ի հետ, որոնք բազմաթիվ մեկնաբանությունների և տարակարծությունների պատճառ դարձան, բումերանգի էֆեկտով հարվածելու են հենց Փաշինյանին, որը շատ է սիրում խոսել և գործել ժողովրդի անունից, բացատրելով, որ նա Հայաստանի եզակի լեգիտիմ ղեկավարներից է, քանի որ 1995 թ-ից սկսած Հայաստանում տեղի ունեցած բոլոր տեսակի ընտրություններն ու հանրաքվեները կեղծված են: Սակայն պարոն Փաշինյանը մոռանում է, որ ժողորդի կողմից ընտրված լինելը դեռ չի նշանակում, որ ինքն իրավունք ունի իր ցանկությամբ ինտերպրետացիա անել օրենքները կամ, ընդհանրապես խախտելով օրենքները, հասնել իր ցանկալիին: Ինչ-որ բան անելուց օրենքի պահանջները պահպանելը ևս ոչ միայն լեգիտիմության պահպանում է, այլև էլ ավելի է ուժեղացնում լեգիտիմ ընտրված ղեկավարի դիրքերը ոչ այնքան երկրի ներսում , որքան դրսում:
Սակայն պարոն Փաշինյանը գտնում է, որ եթե նա բարձր վստահությամբ ընտրված լեգիտիմ ղեկավար է, ապա արհամարհած ունի օրենքները, որի պատասխանը նա ստանում է:
Ըստ ԶԼՄ-ների, փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Երևանում հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների հետ։ Հանդիպման նպատակը սահմանադրական փոփոխությունները ԵՄ դեսպանների հավանությանն արժանացնելն է եղել։ Սակայն հանդիպման ժամանակ իշխանությունների համար տհաճ հարցեր են հնչել։ Հատկապես կարևորվել է այն հարցը, թե ինչո՞ւ այս ողջ գործընթացը չի իրականացվում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության առկայությամբ, և ինչո՞ւ են առաջին անգամ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենում՝ առանց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվության։ Այս հարցադրումներով Արևմուտքը կասկածի տակ է դնում ՀՀ իշխանությունների գործողությունները ՍԴ-ի հետ կապված: Իսկ մենք շատ լավ գիտենք, որ Արևմուտքը այս տեսակ բաների վրա աչք չի փակում և մեծ հաճույքով դարձնում է առուծախի առարկա: Համոզված եմ՝ Հայաստանի իշխանությունները բավական թանկ կվճարեն իրենց հակաօրինական գործողությունների համար, իսկ պարոն Փաշինյանն էլ կթուլացնի իր լեգիտիմությունը միջազգային գործընկերների մոտ:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ իր պարագայում (Հայաստանը չունի նավթ, գազ և այլն, որով կարող է գնել շատերին) լեգիտիմությունը նրան պետք է ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում: Իսկ դրսում դա պայմանավորված է ոչ միայն ընտրությունների ժամանակ ստացած ձայներով, այլև օրենքների նկատմամբ հարգանք դրսևորելով, որը նա խախտում է: Իսկ դա թուլացնում է նրա դիրքերը, որից և օգտվում են թե՛ մեր գործընկերները, թե՛ հակառակորդները:
Պետական մտածելակերպից զուրկ պարոն վարչապետը զբաղված է իր լեգիտիմության մսխումով»: