Պեկինում արգելել են զանգվածային խնջույքներով ուղեկցվող միջոցառումները
Պեկինի իշխանություններն անորոշ ժամանակով արգելել են զանգվածային խնջույքների, ճաշկերույթների, հասարակական սննդի ծառայությունների ներգրավմամբ միջոցառումների կազմակերպումը: Այդ մասին ասված է Չինաստանի մայրաքաղաքի առողջապահության կոմիտեի՝ փետվարի 5-ին տարածված ծանուցման մեջ։
«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ վերահսկողության միջոցների ուժեղացման շրջանակում հասարական սննդի ծառայություններին եւ առանձին անձանց արգելվում է խմբային խնջույքներով բոլոր միջոցառումների կազմակերպումը»,- ասված է ծանուցման մեջ:
Իսկ նրանք, ովքեր զբաղվում են տոնական ճաշկերույթների, երեկույթների եւ քաղաքից դուրս այլ միջոցառումների կազմակերպմամբ ու անցկացմամբ, նույնպես պետք է ամեն ինչ չեղյալ հայտարարեն այն ժամանակահատվածում, քանի դեռ գործում են հիվանդության տարածման կանխարգելման համապատասխան միջոցառումները:
Վերջին տվյալներով՝ Պեկինում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 253-ի, որոնցից մեկ մարդ մահացել է, 24-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում քաղաքում հայտնաբերվել է վարակման 25 նոր դեպք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: