«Սերը ուժ է և բազմապատկում է այն լավագույնը, որ կա մարդկային հոգիներում». Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ երիտասարդներ
Փետրվարի 8-ին Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է, երիտասարդների օրհնության օրը։
Ջերմորեն շնորհավորելով բոլորիդ՝ ի սրտե մաղթում եմ գեղեցիկ ապրել ձեզ կյանքից տրված այն ոսկե ժամանակը, որ ունեք այսօր, անկե՛ղծ սիրել և նույնքան ջերմորեն, անկեղծ սիրվել, որովհետև Սերը ուժ է և բազմապատկում է այն լավագույնը, որ կա մարդկային հոգիներում։ Ձեր մտքին թռիչք, ստեղծարարություն, ազատ լինելու բերկրանք եմ մաղթում․․․ և իմաստությո՛ւն՝ ազգային արժեքները գնահատելու ու պահպանելու, համամարդկային լավագույն փորձը յուրացնելու։
Այսօր ձեր ձեռքերում է մեր պետության ապագան, ձեզ են վստահված մեր երկրի սահմանները։ Եվ ես համոզված եմ, որ անկախ Հայաստանում ծնված և հաղթանակած բանակ ունեցող այս սերունդը, որի աչքերում ես ուժ եմ տեսնում, կամք, տոկունություն, ի զորու է նոր և համարձակ գաղափարներով, իր գիտելիքներով և ունակություններով զարկ տալու մեր պետության հզորացմանը, հայ ժողովրդի բարօրությանն ու նոր հաղթանակներ է կերտելու՝ միմյանց նկատմամբ ազնիվ, գիտակից հանդուրժողականության և վստահության մթնոլորտում։
…Թող մեր սրբադասված զորավարների «անհանգիստ հոգիները» աներևույթ զորությամբ ձեզ ուղեկից և պահապան լինեն՝ ավելի զորացնելով Հայրենիքը շենացնելու, պաշտպանելու սրբազան առաքելությունը իրականացնելիս։
Եվ Մայր Հայաստանը միշտ կանգո՛ւն լինի իր հպարտ, անպարտ, քաջ որդիներով․․․»: