«Արդյո՞ք նախագահը կարող է չնշանակել հանրաքվե։ Պատասխանը հստակ է…». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության վերլուծությունը՝ երեկ խորհրդարանում տեղի ունեցածի վերաբերյալ

Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։ Ինչպես հիշում եք, նախագծով առաջարկվում է, որ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նախագիծը մի շարք ասպեկտներով հակասահմանադրական ու հակաիրավական է, ինչի մասին երեկվանից բարձրաձայնում է իրավական հանրույթը։ Փորձելով վեր հանել հիմնական խնդիրները՝ դրանք կարելի է բաժանել երկու հիմնական մասի՝ բովանդակային եւ ընթացակարգային խնդիրներ։

ԲՈՎԱնԴԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

• Նախագծով փոփոխություններ կատարվում ոչ թե Սահմանադրության հիմնական տեքստում, այլ անցումային եւ եզրափակիչ դրույթներում, այսինքն՝ այն դրույթներում, որոնք իրենց պատմական առաքելությունը կատարել են 2015 թվականի Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելուց հետո, սպառվել են, նորմատիվ որևէ նշանակություն չունեն եւ այլեւս չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ հետագա իրավահարաբերությունների վրա։ Դրանով է հենց անցումային դրույթը տարբերվում հիմնական տեքստի դրույթներից։ Եթե մի պահ ընդունենք, որ կարելի է փոփոխություններ կատարել անցումային դրույթներում, ապա նույն տրամաբանությամբ փոփոխություններ կարելի է առաջարկել Սահմանադրության 211-րդ հոդվածում, համաձայն որի՝ «ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն» և սահմանել որ Հանրապետության Նախագահի ընտրությունները անցկացվում են արդեն այդ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո 50 օրվա ընթացքում։ Նպատակն էլ այս դեպքում կլիներ Արմեն սարգսյանից ազատվելը ու վերջ։ Կամ կարող են Սահմանադրության «Հանրապետության նախագահի ընտրության ժամկետը» վերտառությամբ 211-րդ հոդվածում (նույնպես անցումային դրույթ է) կատարել փոփոխություն՝ նշելով, որ 2015 թվականի Սահմանադրությամբ ընտրված առաջին նախագահը պետք է պաշտոնավարի միայն երկու տարի, իսկ հաջորդ նախագահի ընտրությունը պետք է լինի արդեն այս տարի ապրիլին՝ անտեսելով այն փաստը, որ Սահմանադրության հիմնական տեքստում Նախագահի պաշտոնավարման համար նախատեսված է յոթ տարվա ժամկետ։ Ուստի այս փոփոխություններով օրենսդիրը փոփոխություն է կատարում գոյություն չունեցող նորմում, գոյություն չունեցող նորմը չի կարող փոփոխվել։

Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ նախորդ սահմանադրական փոփոխությունները ևս չնայած այն հանգամանքին, որ ՍԴ անդամների պաշտոնավարման տարիքը 70-ից դարձրեց 65, այդ հարաբերությունները տարածեց բացառապես ապագայում առաջանալիք հարաբերությունների վրա, քանի որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը ամրագրում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Նախագծով փաստացի հաստատվում է ՍԴ դատավորների վիճակը վատթարացնող փոփոխություններ։ Այս առումով պետք է ուշադրություն դարձնել դատավորների անփոփոխելիության սկզբունքի վրա։

• Նախագիծը իր էությամբ խտրական է, որովհետեւ տարածվում է, ոչ թե ՍԴ բոլոր դատավորների նկատմամբ, այլ միայն ինը դատավորներից յոթի նկատմամբ։ Այս առումով հատկանշական է, որ Հայաստանի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի տրված CDL-AD(2019)024 կարծիքով Վենետիկի հանձնաժղովը ընդգծել է, որ ՍԴ-ի բոլոր դատավորները պետք է ունենան միեւնույն կարգավիճակը՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են մինչեւ Սահմանադրության 2015 թվականի վերանայում, թե դրանից հետո։ Ի դեպ՝ «վաղ կենսաթոշակի» նախագծով դատավորներին տրվում էր կենսաթոշակ` մինչդեռ այս նախագծով դա բացակայում է, բացի այդ որևէ կերպ ապահովված չէ այնքան անգամներ միջազգային կառույցների կողմից նշված կամավորության սկզբունքը։

• Նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության եւ իրավական անվտանգության առումով։ Թեեւ Նախագծով սահմանվում է, որ առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը եւ ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն եւ ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ ՍԴ դատավորի ընտրությունը տեւել է մոտ մեկ տարի, ապա փաստացի հնարավոր է, որ երկրիը մոտ մեկ տարի, եթե ոչ ավելի ժամանակահատվածով զրկված լինի գործող Սահմանադրական դատարանից։ Հայաստանի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի տրված CDL-AD(2019)024 կարծիքով,որով քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի նախագիծը, Վենետիկի հանձնաժողովը բարձրացրել է այն մտահոգությունը, որ մի քանի կամ նույնսիկ ինը դատավորից ավելի քան յոթի հնարավոր միաժամանակյա թոշակի անցնելը կարող է խոչընդոտել Դատարանի արդյունավետ գործունեությունը։ Սահմանադրական փոփոխությունների պարագայում խնդիրը էլ ավելի է բարդանում, քանի որ այս պարագայում միանգամից, առանց որեւէ կամավորության՝ դադարում է միանգամից յոթ դատավորների լիազորությունները, ինչի պարագայում երկիրը անորոշ ժամկետով զրկված է լինում սահմանադրական արդարադատության ֆունկցիոնալ մարմնից։ Իրականում առաջանալու է Սահմանադրական Ճգնաժամ։ Չի գործելու սահմանադրական արդարադատության ինստիտուտը իր բոլոր հետևանքներով, սկսած մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև իշխանության այլ թևերին հակակշիռ լինելը։

• Էականորեն խախտվելու է նաև դատարանի կազմի շարունակականության ապահովումը։ Տարբեր ժամանակներում նշանակված ՍԴ դատավորները առավել անկախ են և ապահովում են այդ շարունակականությունը։ Հաշվի առնելով իշխող կուսակցության որակյալ մեծամասնություն ունենալու հանգամանքը՝ կստացվի, որ ՍԴ ողջ կազմը ձևավորվելու է մեկ ուժի կողմից, որի նշանակած անդամները բացարձակ մեծամասնություն են ունենալու ՍԴ-ում 12 տարի։ Տարբեր սուբյեկտների կողմից առաջադրման ինստիտուտը խնդիր չի լուծում, քանի որ նախկին պրակտիկան ցույց տվեց, որ ԱԺ մեծամասնությունը իրականում ստիպեց Հանրապետության նախագահին իր սրտի ուզած թեկնածուին ներկայացնել։

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Ժամանակակից աշխարհում, որևէ քաղաքակիրթ երկրում Ազգային ժողովում տեղի ունեցածը դժվար է անգամ պատկերացնել։ Մեկ օրվա ընթացքում, առանց քննարկումների, առանց լսումների, առանց հանձնաժողովների եզրակացությունների, լիագումար նիստում ժամանակի սահմանափակմամբ իրականացնել սահմանադրական փոփոխություն։

• Սահմանադրական փոփոխությունների նախագծերը մշտապես ենթադրում են լայն քննարկումներ, այդ թվում՝ նաեւ միջազգային փորձաքննություն, սակայն նախագիծը շրջանառության մեջ դնելու եւ Աժ-ի արտահերթ նիստերում քննարկվելու միջակայքը եղել է ընդամենը մի քանի ժամ։ Սրա մասին նաեւ բարձրաձայնել են նաեւ ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք 06.02.2020 հայտարարությամբ նշել են, որ աահմանադրական փոփոխությունների նախագիծը անհրաժեշտ էր ներկայացնել Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին՝ Վենետիկի հանձնաժողով։ Հայաստանի Պատմության մեջ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց հետո սա առաջին դեպքն է, որ Սահմանադրական փոփոխությունները մինչեւ քննարկվելը չուղարկվեն փորձաքննության Վենետիկի հանձնաժողով։

Ակնհայտ է շտապողականությունը, որը խոսում է այս նախագծի ածանցյալ այլ խնդիրներ լուծելու անհրաժեշտության մասին։

• Նախագիծը ԱԺ լիագումար նիստում քննարկվել է առանց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման եւ հանձնաժողովի եզրակացության։ Այս մասին հենց լիագումար նիստերի դահլիճում բարձրաձայնել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։

• Սահմանադրության 168-րդ հոդվածը ամրագրում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։ Ընդ որում սա ոչ թե հայեցողական լիազորություն է, ինչպես պնդում էին իշխանական ներկայացուցիչները շրջանառության մեջ դնելով համապատասխան նախագիծ, որը ի վերջո հետ կանչվեց, այլ ամեն պարագայում ՍԴ-ն պետք է պարտադիր գնահատի սահմանադրական փոփոխությունները։ Փորձ կատարելով շրջանցել ՍԴ -ն՝ երեկ ԱԺ-ում «Իմ քայլ»-ը դաշինքը տապալեց սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին ընթեցմամբ ընդունումը, որպեսզի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ նախագիծը դրվի հանրաքվեի: Մինչդեռ անհրաժեշտ է հաշվի առնել, որ սահմանադրական դրույթները եւ կարգավորումները պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված՝ այլ հաշվի առնելով ողջ համակարգային կապերը եւ այն տրամաբանությունը, որը դրված է սահմանադրական նորմերի հիմքում։Իսկ համակարգային կապերը բացահայտված են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որոը սահմանում է այն ընթացակարգը, որով պետք է դիմել Սահմանադրական դատարան, այն է՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը
նախագիծը ուղարկվում է ՍԴ։ Սա նշանակում է, որ առաջին ընթերցումից հետո Նախագիծը պետք է ստանա ՍԴ-ի գնահատականը եւ նոր միայն դրանից հետո, կարող քննարկվել 202-հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավիճակը, այն է՝ երբ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Սրա հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ հանրաքվեի կարող է դրվել այն նախագիծը, որը նախապես ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը եւ ՍԴ-ի կողմից չի ճանաչվել հակասահմանադրական։ Միայն այդ ընթացակարգից հետո է, երբ երկորդ ընթերցման ժամանակ չի ընդունվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այն կարող է դրվել հանրաքվեի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։

Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ հանրաքվե անցկացնելու հիմքում ընկած այն մեկնաբանությունը, որ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման տապալումը համարվում է նախագծի չընդունում եւ հնարավորություն է տալիս ձայների երեք հինգերորդով կազմակերպել հանրաքվե, ամեն դեպքում Ազգային ժողովին որեւէ կերպ չի ազատում նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու պարտականությունից, քանի որ Սահմանադրության 168-րդ հոդվածը հստակ է՝ ՄԻՆՉԵՎ փոփոխությունների ընդունումը պարտադիր է դիմել Սահմանադրական դատարան։ Այսինքն ՝ Ազգային ժողովի կանոնակարգի «ենթադրյալ օրենսդրական բաց»-ը, որ իբր չկան դրույթներ առաջին ընթերցման տապալումից հետո ՍԴ դիմելու վերաբերյալ որեւէ կերպ Ազգային ժողովին չի ազատում ՍԴ դիմելու պարտականությունից։ Սահմանադրական կարգավորումները բացառում են, որևէ սահմանադրական փոփոխություն ՍԴ-ի շրջանցմամբ։ Սա տրամաբանական է։ Բացի այն որ Սահմանադրությունը պետք է զերծ լինի ներքին հակասություններից, սահմանադրության փոփոխվող հոդվածները չպետք է հակասեն Սահմանադրության ֆունդամենտալ անփոփոխ հոդվածներին։ Ոչ միայն Պառլամենտական մեծամասնությունը, այնպես էլ ժողովուրդը կաշկանդված են այդ ֆունդամենտալ սկզբունքներով։ Սահմանադրական դատարանին կարելի է շրջանցել բացառապես մեկ դեպքում, երբ ընդունվում է նոր սահմանադրություն, ինչը տրամաբանական է, քանի որ արդեն իսկ բացակայում է այն մաշտաբը, որին համապատասխանելը պետք է ստուգի Սահմանադրական դատարանը։

• Շատ է բերվում նաեւ այն փաստարկը, որ նշված ՍԴ յոթ դատավորները չեն կարող քննարկել նախագծի սահմանադրականությունը, քանի որ առկա է շահերի բախում։ Պետք է նշել, որ նշված իրավիճակում ՍԴ կարող է որոշել նախագծի սահմանադրականության հարցը։ Նման դիրքորոշում է հայտնել նաեւ Վենետիկի հանձնաժողովը, օրինակ, քննարկելով Ալբանիայում ՍԴ դատավորների կողմից ՍԴ անդամներին վեթինգի ենթարկելու օրենքի սահմանադրականության հարցի քննարկման հնարավորությունը։ Այսպես ամրագրվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ Սահմանադրության երաշխավորն է, դատավորների գործի քննելուց հեռացնելը չպետք է հանգեցնի ՍԴ-ի կողմից որոշումների կայացման անհնարինության, հետեւաբար դատավորները կարող են քննել վեթինգի սահմանադրականության հարցը։

ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈւԾՈՒՄՆԵՐ

ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե: Աժ իշխանական պատգամավորները արդեն իսկ հայտարարում են, որ Ազգային ժողովի որոշումը կներկայացվի Հանրապետության նախագահին, որպեսզի նախագահը նշանակի հանրաքվեի։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ՍԴ դիմելու մասին խոսք չկա իշխանական շրջանակներում։ Այս պարագայում հստակ է, որ միակ պատասխանատու անձը մնում է Հանրապետության նախագահը, բայց արդյո՞ք նախագահը կարող է չնշանակել հանրաքվե։
Պատասխանը հստակ է՝ այո։

Եթե որևէ կերպ սահմանադրական փոփոխությունների ընթացքը չկասեցվի, ապա հետագա ողջ ընթացքը ևս լինելու է հակասահմանադրական, ընդհուպ նոր դատավորների նշանակումը ու նրանց կողմից որոշումների կայացումը»:

Տեսանյութեր

Լրահոս