Պետական բոլոր մարմինները խոցելի  են. Ալեքսանդր Ամարյան

«Բոլոր քայքայիչ աղանդները վտանգավոր են: Հայաստանում ոչ ոք չի պայքարում աղանդների դեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը՝ հավելելով, որ, եթե անգամ բողոք ես գրում, այն հասցեագրում են նույն մարդուն, ում դեմ բողոքել ես:

«Աղանդավորներին ամեն կերպ փորձում են չդիպչել՝ շեշտելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածը, այն է՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք, սակայն այդ կոնվենցիայի 2-րդ կետը կա. եթե դա վտանգում է ազգային, պետական, հասարակական շահը, այդ մարդու իրավունքը կարելի է սահմանափակել, ինչը մեզ մոտ չի արվում: Աղանդավորները հիմա կարող են ներխուժել ցանկացած մարմին, այդ թվում և՝ ուժային, ստանալ մուտք՝ ինֆորմացիոն բազա, և կարողանալ գործունեություն ծավալել: Պատկերացրեք՝ նա մտնում է թեկուզ ԴԱՀԿ-ի բազա, տեսնում է, որ ինչ-որ մեկը մեծ խնդիրների մեջ է, ներքաշում է կրոնական կառույց, խնդրի որոշ մասը լուծվում է, բայց այդ մարդը երևի 20-ապատիկ հատուցում է»,- մանրամասնեց Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով՝ պետական բոլոր մարմինները խոցելի վիճակում են:

«Ժամանակին դպրոցներում Հայ եկեղեցու պատմությունն անգամ աղանդավորներ էին դասավանդում, իսկ Հայ Առաքելական եկեղեցին սրա դեմ կարող է պայքարել՝ միայն լավը լինելով, որ ժողովուրդը ձգտի դեպի եկեղեցի: Մենք ունենք եկեղեցի, որը հատուկ զբաղվում է ամերիկյան դեսպանատան սպասարկումով: Ունի իր մշտական քանակը՝ մինչև 3000 հոգի: Դրանք մորմոններն են, որոնք ակտիվ սկսել են քարոզել միասեռականությունը»,- նկատեց «Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի» ղեկավարը:

Ալեքսանդր Ամարյանը հորդորեց նաև չխոսել, չվիճել աղանդավորների հետ, քանի որ նրանք սպասում են, երբ որևէ  ակտիվ գործողություն իրենց նկատմամբ կիրառվի՝ աղմուկ բարձրացնեն:

«Ստենդ դնում են դատարանների, ոստիկանության, դպրոցների, հիվանդանոցների, գերեզմանների մոտ, այսինքն՝ հիմնականում այն տեղերում, որտեղ կա ճգնաժամային պրոցեսի խնդիր: Աղանդավորական կառույցներ կարող են ընդգրկվել՝ անկախ ինտելեկտից, կրթական մակարդակից:  Ուղեղներ լվանալը շատ հեշտ է: Մի կրոնական կառույցից ինձ գիրք բերեցին, որը կոչվում է՝ Թաքնված հիպնոս: Մարդն առանց հասկանալու՝ սկսում է նշված գործողություններն անել ու չի էլ գիտակցում, որ օգտագործում են ժամանակակից հոգեբանական մեխանիզմները՝ իշխելու որևէ մեկի վրա»,- եզրափակեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս