Եթե մեր խորհրդարանական ընդդիմությունը իրեն պահի խորհրդարանական ընդդիմության նման, ապա պետք է դիմեն ՍԴ. Շարմազանով. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
-Պարոն Շարմազանով երեկ խորհրդարանը արտահերթ նիստով որոշեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնել, իսկ առավոտյան վարչապետ Փաշինյանը դա համարեց պառլամենտարիզմի մաստեր-կլաս։ Ձեր գնահատականով, երեկ ի՞նչ տեղի ունեցավ խորհրդարանում։
-Պետականության, պառլամենտարիզմի վերաբերյալ իմ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքները տարբեր են , եթե իրենց համար ժողովրդավարությունը դատարանները շրջափակելն ու ասֆալտին փռելն է, եթե իրենց համար քաղաքական բանավեճը ճտիկով գրիչն է եւ ՀԴՄ կտրոնը, ապա ինձ համար դա չէ, եթե պառլամենտարիզմ ասելով ի նկատի ունեն քաղաքական ընդդիմախոսներին վիրավորելը կամ ուղիղ միջամտելը դատական իշխանության աշխատանքներին , դա պառլամենտարիզմի հետ որեւէ կապ չունի։ Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԱԺ-ում եւ այն ինչ շուրջ 2 տարի է Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Հայաստանում, ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը «իզմեր» չունի, նա «իզմերը» խառնել է՝ պառլամենտարիզը ավտորիտարիզմի եւ տոտալիտարիզմի հետ է խառնել։ Հայաստանում իրավական գործընթաց չկա, սա ուղիղ ճանապարհ է դեպի մեկ մարդու բացարձակ իշխանություն։
-Մի քանի օր է իրավաբանները ահազանգում են իշխանության ներկայացրած նախագծերի հակասահմանադրականության մասին, երեկ էլ բազմաթիվ մասնագիտական կարծիքներ հնչեցին, բայց, այդուհանդերձ, իշխանությունը մտադիր է հանրաքվեի միջոցով ազատվել ՍԴ գործող կազմից։ Իրատեսակա՞ն է այդ հանրաքվեն իրագործումը։
-Ես, որպես ԱԺ նախկին փոխնախագահ, հայտարարում եմ՝ այն ինչ երեկ ընդունվել է ԱԺ-ում որեւէ կապ չունի ոչ պառլամենտարիզմի հետ ոչ էլ, առավել եւս, օրենքի հետ։ Խախտվել է ԱԺ կանոնակարգ օրենքը, իրավաբանները խոսել են այդ մասին, ես չեմ ցանկանում նորից կրկնել դա, կարող եմ հստակ հայտարարել, երեկվա նախագիծը հակասահմանադրական է եւ ՀՀԿ-ն մանրամասն իր հայտարարության մեջ հստակ ներկայացրել է օրինախախտումները եւ արձանագրել, որ սա ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրություն։
-Երեկ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները կոչ արեցին ՀՀ իշխանությանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել ՍԴ 7 դատավորների լիազորությունները, անհապաղ ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության ։ Բայց նույնիսկ այդ կոչը չխանգարեց խորհրդարանին անել այնպես, ինչպես ուզում էր քաղաքական մեծամասնությունը։
-Մենք չունենք իշխանություն, մենք ունենք նեոբոլշեւիկյան, պոպուլիստական ղեկավարություն։ Այդ մարդիկ անում են նույն բանը, ինչ բոլշեւիկներն էին անում։ Ի՞նչ էին անում բոլշեւիկները։ Նրանք եկան իշխանության, սկսեցին դաշնակցականների հետ պայքարել, հետո սկսեցին ժողովրդի թշնամիներ գտնել, տրոցկիստների դեմ պայքարել, Բուխարինի դեմ պայքարել, կուլակների դեմ պայքարել, հիմա նույնը Նիկոլն է անում։ Այդ մարդն ի վիճակի չէ որեւէ դրական բան անել ժողովրդի համար , որեւէ բարեփոխում անել։ Նա սկզբում ՀՀԿ-ի դեմ պայքարեց, հետո Քոչարյանի, հիմա Հրայր Թովմասյանի, վաղը կպայքարի Վանեցյանի դեմ, մյուս օրը՝ մամուլի…. Իրեն միշտ պետք լինելու ներքին թշնամի։ Հիմա էլ իր տարերքի մեջ է, քանի որ նա անզոր է որեւէ նորմալ օրակարգ իրականացնել, միայն միտինգ է անում, ինչպես ժողովուրդն է ասում՝ հիմա մոր փորն է ընկել ՝ 2 ամիս շարունակ միտինգներ պետք է անի, թեմա է չէ՞ բացվել , պետք է խոսի սեւ ուժերից, վնգստացողներից։ Երբ պետք է ՝ ասում են ՝ պողոսներ են, երբ պետք է՝ մեր հպարտ քաղաքացիներ։ Ես ասել եմ՝ Ռուբիկոնն անցած է, գետի այս ափին կանգնած է Նիկոլը ՝ իր պոպուլիստական ու հակապետական գործողությամբ, այս մի կողմում՝ ՀՀ շահն ու Սահմանադրությունը, ոնց ուզում են՝ թող գնան, որոշեն։
-Այսինքն, կարծում եք, այդ հանրաքվեն, այդուամենայնիվ կանցկացվի՞։ Էդմոն Մարուքյանը չէր բացառել ՍԴ դիմելու գործընթաց սկսելու հնարավորությունը։ Ակնկալիքներ չունե՞ք ԼՀԿ-ից եւ ԲՀԿ-ից։
-Խորհրդարանական ընդդիմության ամենամեծ հատվածը երեկ նիստերի դահլիճում չէր, բացակա էր, կարծեմ՝ մեկ-երկու ելույթ է եղել։ Քսանքանիհոգանոց ֆրակցիայից պետության համար կարեւոր հարցի քննարկմանը 1-2 հարց եք տալիս եւ մեկ ֆրակցիայի ելո՞ւյթ։ Ո՞ւր է այդտեղ ընդդիմություն։ ԼՀԿ-ն խոսեց, կարծիք արտահայտեց, բան չունեմ ասելու, բայց ամենամեծ ֆրակցիան լռում էր , ինչպես միշտ՝ կարեւոր պահերին, իրենք հարգելի բացակա են։
«Լուսավոր»-ը չի կարող մենակ դիմել ՍԴ, 1/5 է պետք , մեծ ցանկության դեպքում պետք է Բարգավաճն էլ միանա։ Այ, եթե մեր խորհրդարանական ընդդիմությունը իրեն պահի խորհրդարանական ընդդիմության նման, ապա՝ այո, նրանք պետք է դիմեն ՍԴ։ Հիմա մենք կտեսնենք՝ ունե՞նք ընդդիմություն խորհրդարանում, թե չունենք։ Հիմա ես իրենց եմ չելենջ անում ։ Այն, ինչ արվում է, հակապետական գործողություն է , Նիկոլ Փաշինյանը շանտաժով վարչապետ ընտրվեց, ասաց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ երկիրը վարչապետ չի ունենա, հոկտեմբերի 2-ին շանտաժով ցրեց խորհրդարանը , վախի ու ատելության մթնոլորտում ընտրություններն անցկացվեցին, իշխանությունը այնպես հաղթեց, որ 3/5 ունենա պառլամենտում եւ ցանկացած սահմանադրական օրենք կարողանա անցկացնել, 2019թ մայիսի 19 –ին հրաման տվեց եւ անձամբ մասնակցեց դատարանների շրջափակմանը , հիմա էլ ՍԴ-ն է մնացել։
Ամբողջությամբ՝ սկզբնղաբյուր կայքում։