«Խոզագրիպ» եզրույթն այլևս կիրառելի չէ. ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի սեզոն է, ու լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` դեռևս 2019 թվականի նոյեմբերից շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակները և գրիպի Բ տեսակի հարուցիչները: ՀՀ առողջապահության նախարարությունը, սակայն, առաջարկվում է զերծ մնալ ոչ մասնագիտական և խուճապ հրահրող մեկնաբանություններից՝ կապված «խոզի գրիպի» տարածման հետ և տեղեկացնում, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությունների՝ դեռևս 2010 թվականից «խոզագրիպ» եզրույթն այլևս կիրառելի չէ:

««Խոզագրիպ» եզրույթը կիրառվում էր միայն 2009 թվականին, երբ նույն կազմակերպության կողմից հայտարարվել էր համավարակ՝ պանդեմիա, որպես գրիպի Ա տեսակի նոր ենթատեսակ և ուներ համավարակ առաջացնելու ներուժ, քանի որ վերջինս նոր ձևավորված գրիպի Ա տեսակի ենթատեսակ էր և «անծանոթ» էր մարդկության համար:

2010 թվականից գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս չունի համավարակ՝ պանդեմիա առաջացնելու ներուժ: Ավելին՝ վերջինս արդեն 10 տարի է շրջանառում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Նշենք, որ գրիպի Ա տեսակի H1N1, H3N2 ենթատեսակների և գրիպի Բ տեսակի (դրանք ներկայումս, որպես մարդու գրիպի տեսակներ և ենթատեսակներ, շրջանառում են թե եվրոպական տարածաշրջանի երկրներում, և թե Հայաստանում) դեմ առկա է պատվաստանյութ, ինչով ապահովված են բոլոր բժշկական կազմակերպությունները, որն էլ համարվում է գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Ավելին, բժշկական կազմակերպություններն ապահովված են հետգրիպային բարդություններով պացիենտների բուժում ապահովող դեղով:

Այսօր հանրապետության որոշ բժշկական կազմակերպություններում գրիպի ախտորոշման նպատակով կիրառվում  են արագ ախտորոշիչ թեստեր, այնինչ դրանք, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կողմնորոշիչ են և արդյունքում կարող են ապահովել հետազոտության ոչ ճիշտ արդյունքներ: Գրիպի ախտորոշումն իրականացվում է միայն լաբորատոր մասնահատուկ մեթոդով (պոլիմերազային շղթայական ռեակցիա), այն էլ ոչ ախտորոշման, այլ շրջանառող հարուցիչների պարզաբանման համար:

Հետևաբար՝ առաջարկվում է զերծ մնալ ոչ մասնագիտական և խուճապ հրահրող մեկնաբանություններից, հրապարակումներից և հետևել առողջապահության նախարարության հորդորներին և հայտարարություններին:

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում (2019թ. հոկտեմբերից 2020թ. մայիս) և լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` դեռևս 2019 թվականի նոյեմբերից շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակները և գրիպի Բ տեսակի հարուցիչները:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային»,-՝ նշում են նախարարությունից։

Ինչ վերաբերում է  հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ սեզոնի ընթացքում իրականացվել է 740 նմուշի հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է Ա H1N1 ենթատեսակը (18,5%), Բ տեսակը (5,5%), ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (24,7%) (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): Այսինքն` 2019 թվականի դեկտեմբերից շարունակում են շրջանառվել գրիպի և այլ շնչառական վարակների հարուցիչները:

Տեսանյութեր

Լրահոս