«Խնդրում եմ՝ տանը մնացեք եւս երկու շաբաթ». Չժան Վենհուն
Շանհայի բնակչությանը հորդորում են հնարավորինս տանից դուրս չգալ եւս առնվազն երկու շաբաթ, որպեսզի կասեցվի նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը: Ինչպես փետրվարի 7-ին գրում է Shanghai Daily թերթը, համապատասխան հանձնարարականով հանդես է եկել կորոնավիրուսի վերահսկման եւ կանխարգելման հատուկ աշխատանքային խմբի ղեկավար դոկտոր Չժան Վենհունը, որը նաեւ Հուաշանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավարն է։
«Խնդրում եմ՝ տանը մնացեք եւս երկու շաբաթ: Մենք տանը չենք հանգստանում, այլ պայքարում ենք: Յուրաքանչյուրն, ով մնում է տանը, մասնակցում է վիրուսի դեմ պայքարին»,-հրատարակությունը մեջբերում է նրա խոսքը: Ինչպես նշել է փորձագետը, վարակումը կարելի է կանխել, իսկ հիվանդության դեպքերի մեծ մասը թեթեւ է անցնում: «Նախքան կորոնավիրուսի դեմ մասնագիտացված պատրաստուկների մշակումը, մենք անհատականորեն ենք մոտենալու յուրաքանչյուր պացիենտի բուժմանը: Ամենաարդյունավետ դեղամիջոցը պացիենտի իմունիտետն է»,-ասել է Չժան Վենհունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: