Գառնիկ Իսագուլյանը Բակո Սահակյանից խնդրում է Արցախում հաստատել արտակարգ դրություն, հետաձգել նախագահական և խորհրդարանական ընտրությունները, բանակը վերցնել իր լիազորությունների տակ…

«Ես դեռ վաղուց 2018 թվականի ապրիլ-մայիսյան դեպքերը գնահատել եմ սահմանադրական կարգի տապալում: Դա եղել է բռնի իշխանազավթում և դա առաջինը կատարվել է գործադիր իշխանության նկատմամբ: Հետո դեկտեմբերին դա կատարվեց օրենսդիր իշխանության նկատմամբ»,- ասաց  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով, որ երեկ էլ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը «իր ոհմակով լկտի սահմանադրական կարգը տապալելու համար հարձակում գործեց Սահմանադրական դատարանի վրա»:

Ըստ Իսագուլյանի՝ այսօր ճշմարտություն ասելը դարձել է անընկալելի:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ արել են, որ հանրաքվեն համընկնի Արցախի ընտրությունների հետ: Գառնիկ Իսագուլյանը նաև չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանին պարտադրել է ստորագրել Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու մասին հանրաքվե անցկացնելու նախագիծը: Գ. Իսագուլյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է այդ հանցագործության մեջ ներքաշել ինչքան հնարավոր է շատ մարդկանց:

Նա ստեղծված իրավիճակում մեկ հանգուցալուծում է տեսնում:

«Կոչ եմ անում արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմությանը՝ զուգահեռ ստեղծել նոր՝ ժամանակավոր կառավարություն»,- առաջարկում է Իսագուլյանը:

Նա առաջարկում է, որ ժամանակավոր կառավարության ժամանակավոր վարչապետի պաշտոնը ստանձնի Գագիկ Ծառուկյանը: Եթե նա չհամաձայնի, ժամանակավոր վարչապետի պաշտոնն առաջարկում է ստանձնել Էդմոն Մարուքյանին: Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների չհամաձայնելու դեպքում առաջարկում է ժամանակավոր վարչապետի պաշտոնը ստանձնել, օրինակ, Վազգեն Մանուկյանին, Պարույր Հայրիկյանին, Շանթ Հարությունյանին, Արմեն Ավետիսյանին:

«Եթե նրանք հրաժարվեն, ես պարտավորվում եմ ստանձնել անցումային վարչապետի պաշտոնը, կարճ ժամանակում ձևավորել նոր կառավարություն»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Նա, մինչ ժամանակավոր կառավարություն ձևավորելը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանից խնդրում է Արցախում հաստատել արտակարգ դրություն, հետաձգել նախագահական և խորհրդարանական ընտրությունները՝ մինչև Հայաստանում վերականգնվի սահմանադրական կարգը, բանակը վերցնել իր լիազորությունների տակ:

Գառնիկ Իսագուլյանը նշում է՝ եթե իրեն չմիանան, ինքն իրեն հռչակելու է ժամանակավոր վարչապետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս