Պաշտպանական թիմը միջնորդեց դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանն իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնոդությունը ներկայացնելիս նշեց, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասում է նախկինում ընդունված իրավական ակտերին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հայտնի «յոթի գործին»: Տվյալ գործով անցնող յոթ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն:
Փաստաբանը հիշեցրեց, որ այդ ժամանակ հաստատվել են մի շարք փաստեր, օրինակ՝ որ ցույցերի ժամանակ եղել են մարդիկ, որոնք խաղաղ չեն եղել, կիրառել են սառը զենք, «Մոլոտովի» կոկտեյլներ, անկարգություններ են հրահրել։ «Եթե 10 տարի անց «պարզվել է», որ փաստերը սխալ են եղել, դատախազությունը պետք է գնա այդ գործերի վերանայման ճանապարհով»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով սույն գործով անցնող անձանց, և, հատկապես, Ռոբերտ Քոչարյանի, անմեղության կանխավարկածի խախտմանը՝ Խուդոյանը հիշեցրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները։
«Անմեղության կանխավարկածի սկզբունքը վերացել է Հայաստանում, որի հիմքը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը», – հայտարարեց Խուդոյանը։
Պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրացնելով գործընկերոջ միջնորդությունը՝ նշեց, որ դատական ակտով հաստատվել է անմեղության կանխավարկածի խախտումը ՀՔԾ-ի կողմից, բայց Սասուն Խաչատրյանն առ այսօր շարունակում է պաշտոնավարել։
Պաշտպանները ևս մեկ անգամ պնդեցին, որ դատարանը նպատակ չունի ամբողջական ու օբյեկտիվ քննություն իրականացնել այս գործով։ Ըստ Խուդոյանի՝ սույն գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով, որն ընդունվել է 2008 թ․ մարտի 1-ի իրադարձություններից մոտ մեկ տարի անց, ինչը նշանակում է, որ այն չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ անձը կարող է հետապնդվել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքի նորմերով։