Բաժիններ՝

Հոնկոնգում հարյուրավոր բժիշկներ շարունակում են գործադուլը՝ պահանջելով փակել սահմանը Չինաստանի հետ

Հոնկոնգում երկրորդ օրն անընդմեջ հարյուրավոր բժիշկներ աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ, որպեսզի կանխվի մեգապոլիսում կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել են առողջապահության տեղական մարմինները:

Հիվանդանոցային հաստատությունների վարչության հայտարարության մեջ ասված է, որ մեծ թվով բուժաշխատողների բացակայությունն ազդել է շտապօգնության ծառայությունների աշշխատանքի վրա: Փետրվարի 3-ին գործադուլին մասնակցել է մոտավորապես 2,7 հազար մարդ: Որպես ակցիայի կազմակերպիչ է հանդես եկել բուժաշխատողների նոր արհմիութենական միավորումը (Hospital Authority Employees Alliance): Նրա ակտիվիստներն զգուշանում են, որ հոնկոնգյան հիվանդանոցները չեն կարողանա տեղավորել բոլոր պացիենտներին համաճարակի հետագա տարածման դպքում:

Համաճարակի սպառնալիքի պատճառով այստեղ փակվել են տուրիստական, մշակութային ու մարզական օբյեկտները, չեղարկվել են զանգվածային միջոցառումները, մինչեւ մարտ ամիս երկարացվել են դպրոցական արձակուրդները: Հունվարի 30-ից քաղաքը դադարեցրել է երկաթուղային ու լաստանավային հաղորդակցությունը մայրցամաքային Չինաստանի հետ, երկու անգամ կրճատել է ավիաչվերթների թիվը ՉԺՀ-ի քաղաքների հետ: Նաեւ դադարեցված է չինաստանցի զբոսաշրջիկներին Հոնկոնգ մուտքի թույլտվությունների տրամադրումը:

Նախօրյակին Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը հայտարարել է Հոնկոնգի եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ սահմանի բոլոր հսկիչ անցակետերը ժամանակավորապես փակելու մասին, բացի Shenzhen Bay եւ Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջի անցակետերից: Փետրվարի 4-ին քաղաքում գրանցվել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան առաջին դեպքը: Խոսքը վերաբերվում է Հոնկոնգի 39-ամյա մի բնակչի, որը եղել է Ուհան քաղաքում: Ընդհանուր առմամբ Հոնկոնգում հաստատված է կորոնավիրուսով վարակման 15 դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս