«Հերիք է՝ մեր կյանքը դեռ ֆեյսբուքյան գրառումների, տնտեսական հեղափոխությունն էլ՝ լայվերի մակարդակում է». Գևորգ Պետրոսյան

Դեռևս դեկտեմբերին Ազգային ժողովում ձևավորվեց ատելության խոսքի դեմ    օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով  աշխատանքային խումբ։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն  հրաժարվել էր մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որի պատճառների մասին մանրամասնեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Իշխանությունը այսպիսի գործընթաց է սկսել, որ, ասենք, Հայաստանում ատելության խոսքը կանխվի և պատժվի, ինչի ուղղությամբ ինչ-որ նախագիծ են մշակում, որի առաջին քայլը հանձնաժողով ստեղծելն է։ Քանի որ դա գլոբալ խնդիր է, մենք ասացինք, որ  առաջին նիստից սկսենք լուսաբանել նիստի ընթացքը, իհարկե հանձնաժողովի առանձին անդամներ դեմ եղան՝ պատճառաբանելով, որ բովանդակային քննարկում չկա, այդ պատճառով էլ նպատակահարմար չէ լրատվամիջոցների ներկայությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ըստ պատգամավորի՝ հանձնաժողովի առաջին նիստում պայմանավորվածություն էր  ձեռք բերվել, որ աշխատանքներին ներգրավվեն նաև հ/կ-ները, նախապես որոշվել էր ներգրավել այն կազմակերպություններին, որոնք տվյալ բնագավառում փորձ ունեն։ Հետագայում  պարզվեց, սակայն, որ հ/կ-ներին պատշաճ հրավեր չի ուղարկվել, հրավերը եղել է Ֆեյսբուքով։
«Այս ամենի արդյունքում այնպես էր ստացվել, որ ներկայացել էին միակողմանի՝ «Բաց հասարակություն» հրիմնադրամին հարող բոլոր կազմակերպությունները, այսինքն՝ ստացվում է, որ հաընձնաժողովի աշխատանքներին մասնակցելը լինելու է բացարձակ անհավասարության պայմաններում։ Մեր խմբակցության պատգամավորները, մասնավորապես՝ Շաքե Իսայանը, Արման Աբովյանը, պահանջել էին, որպեսզի աշխատանքային խմբում ներգրավվեն նաև այլ կազմակերպություններ։ Եթե ասում ենք, որ մեր երկրում ամեն ինչ պետք է իրականացվի մրցակցային մթնոլորտում, ուրեմն պետք է ապահովենք այդ մրցակցությունը»,- ասաց պատգամավորը։
Նա վստահեցրեց, որ իրավունքի առումով որևէ խնդիր չունեն, բայց հ/կ-ները բաշխված են լինելու 2/10 հարաբերակցությամբ, ինչը ենթադրում է, որ իրենք ինչ խոսեն, հակառակ կողմից լինելու է հակադարձում։
«Ի՞նչն է այս մարդկանց խանգարում ևս 10 օր հետաձգել ամեն ինչ և բոլոր շահագրգիռ կազմակերպություններին պաշտոնապես հրավիրել, ոչ թե Ֆեյսբուքով։ Հերիք է՝ մեր կյանքը՝ դեռ ֆեյսբուքյան գրառումների, տնտեսական հեղափոխությունն էլ՝ լայվերի մակարդակում է։ Եթե իսկապես իշխանությունը շահագրգռված է օբյեկտիվ քննարկում անցկացնել, եկեք անցկացնենք»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս