Հերքում՝ «Շիրակի մարզում՝ 12 տոկոս, Սյունիքում՝ 16 տոկոս» հրապարակմանը
168.am-ը հղում կատարելով իր աղբյուրներին այսօր լուր էր հրապարակել, ըստ որի՝ «ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջերս հարցումներ է անցկացրել՝ չափելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, նրա նկատմամբ բնակչության վստահությունը: Ըստ նույն աղբյուրների, ամենացածր տոկոսը գրանցվել է Շիրակի մարզում՝ 12 տոկոս և 16 տոկոս վարկանիշ՝ Սյունիքի մարզում: Երևանում, ըստ մեր տեղեկությունների, 43 տոկոս է կազմել:»
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր հերքել տեղեկությունը, որն ամբողջությամբ հրապարակում ենք ստորև
«Հարգելի գործընկերներ,
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «168.am» կայքում 2020 թվականի փետրվարի 3-ին տեղ գտած ««Շիրակի մարզում՝ 12 տոկոս, Սյունիքում՝ 16 տոկոս» վերտառությամբ հրապարակման մեջ առկա տեղեկատվությունը, թե «ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջերս հարցումներ է անցկացրել՝ չափելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը», իրականության հետ որևէ աղերս չունի: Հայտնում ենք, որ Վարչապետի աշխատակազմը սոցիալական հարցումներ պատվիրելու պրակտիկայից հրաժարվել է, և Վարչապետի աշխատակազմը, ինչպես նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ընդհանրապես հարցումներ չեն անցկացնում:
ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ տեղեկատվությունը ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջում է «168.am» կայքում հրապարակել դրա հերքումը»: