«Ոչ մարտական կորուստներն ամենաքիչը եղել են 2013-ին». Կարեն Վրթանեսյան

Պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքներին և դեպքի մանրամասներին շատ քիչ մարդ է տիրապետում: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Երբ ինչ-որ մարդկանց անուններ են տալիս՝ որպես ձերբակալված, դա հնչում է՝ որպես մեղադրանք: Արդյոք մեղավո՞ր են, թե՞ ոչ, դեռ կերևա, հստակ չէ»,- նշեց նա՝ հավելելով, որ պոպուլիստական մոտեցումները բանակում խիստ վտանգավոր են:

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Նախաքննությունը շարունակվում է:

Հավելենք, որ երեկ զինծառայողի հարազատները նրա դին փորձեցին բերել Երևան, սակայն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցություններից հետո մտափոխվեցին և վերադարձան Արմավիրի մարզի Հայթաղ գյուղ, որտեղ զինվորի հուղարկավորությանը մասնակցեց նաև նախարար Տոնոյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե բանակում երբեք այնքան քիչ չի եղել կորուստների թիվը, որքան 2019-ին, Կարեն Վրթանեսյանը հակադարձեց՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերն ամենաքիչը եղել են 2013-ին:

«Մեր ունեցած տվյալներով՝ 2013-ին ոչ մարտական պայմաններում մահերն ամենաքիչն են եղել: Այո, մարտական կորուստների թիվը 2019-ին ավելի ցածր է եղել, բայց ոչ մարտական կորուստներն ամենաքիչը, կրկնում եմ, եղել են 2013-ին: Եթե վարչապետը գաղտնի տվյալների է տիրապետում և այդ մասին հայտարարում, թող բարի լինեն՝ հրապարակեն դրանք: Կա՛մ մի խոսեք այդ մասին, կա՛մ բոլոր տվյալները հրապարակեք»,- շեշտեց «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Նշենք, որ Գլխավոր դատախազության հրապարակած տվյալների համաձայն՝ 2019թ.-ին  ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: Մանավորապես, «49 զինծառայողի մահվան դեպքից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում»:

Տեսանյութեր

Լրահոս