Բորելը Թեհրանում երկփուլ բանակցություններ է վարել Զարիֆի հետ. IRNA
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցությունների երկու փուլ են անցկացրել Թեհրանում: Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել է IRNA իրանական գործակալությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են «Իրանի եւ Եվրոպայի երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանի իրադրության զարգացումը, առանձին միջազգային իրադարձություններ»:
Ենթադրվում է, որ Բորելը Թեհրան իր երկօրյա այցի ընթացքում զրույց կանցկացնի իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ եւ հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել է, որ Զարիֆը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի համար 14-էջանոց ուղերձ է պատրաստել, որը հարցերէ բովանդակում միջուկային գործարքի շուրջ Եվրոպայի դիրքորոշման վերաբերյալ: Դիվանագետի խոսքով՝ «Իրանը բազմաթիվ հարցեր ունի Եվրոպային, քանի որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո նա դրսեւորել է անգործություն եւ ամերիկյան ճնշմանը դիմակայելու անկարողություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: