«Հայտարարում են՝ ՀՀ-ն փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, մինչդեռ շաբաթներ առաջ լուսանկարվել են 1975-ին արտադրված «Օսա-ԱԿ» համակարգերի ֆոնին». Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն այն կարծիքին է, որ 80-ականների զենքում որևէ «ամոթալի» բան չկա, և, որ չկա աշխարհում բանակ, որը չունենա 80-ականների զենք:

Հիշեցնենք, որ Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե փակված է համարում 80-ականների զենքերի «ամոթալի էջը», որովհետև Պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:

«Թե՛ ԱՄՆ, թե՛ ռուսական, և թե Իսրայելի բանակում կան ոչ միայն 80-ականների, այլև 70-ականների, 60-ականների և 50-ականների զենքեր: Երբ հայտարարում ենք, որ 80-ականների զենքի էջը փակված է, արդյո՞ք նշանակում է՝ ՀՀ-ն այլևս չի օգտագործելու Դ-20 հրանոթը, որը 50-ականների է, կամ Դ-30-ը, որը 60-ականների է: Ոչ մի ամոթալի բան չկա 80-ականների զենքում, դա շատ նորմալ զենք է, եթե ժամանակին արդիականացվում է, վերանորոգվում, և եթե իր խնդիրները նորմալ լուծում է: Իսկ այս պահի դրությամբ այդ զենքերի մեծ մասն իր խնդիրները նորմալ լուծում է:

Երկրորդ՝ ՀՀ-ի՝ սպառազինության աննախադեպ գնումների մեջ կա «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համակարգը, իսկ այս մոդիֆիկացիան արտադրության դրվել է 1975-ին: Երբ հայտարարում են, որ ՀՀ-ն փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, բայց շաբաթներ առաջ նույն մարդը լուսանկարվել էր «Օսա-ԱԿ» համակարգերի ֆոնին, դրանք տեղադրվել էին վարչապետի պաշտոնական կայքում, ի՞նչ էջի փակման մասին կարող է խոսք գնալ: Զենքի հին և նոր լինելը որոշվում է ոչ թե արտադրության թվականով, այլ, թե որքանով այն կարող է լուծել իր առջև դրված խնդիրները: Եթե այդ զենքերը չկարողանային իրենց խնդիրները լուծել, Հայաստանը չէր գնի»,- լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց Կարեն Վրթանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս