Բաժիններ՝

Իսլամական համագործակցության կազմակերպությունը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած «դարի գործարքը». Al Arabiya

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) դեմ է արտահայտվել այսպես կոչված «դարի գործարքին»՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի վարչակազմի պլանին: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ ամփոփելով ԻՀԿ-ի խորհրդակցության արդյունքները, որն արտաքին գործերի նախարարների մակարդակով փետրվարի 3-ին կայացել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԻՀԿ-ն հայտարարել է, որ «չի ընդունում Մերձավոր Արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ-ի իշխանությունների պլանը»:

Ինչպես նշել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքին, «ԻՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները միաձայն ընդունել են Պաղեստինի կողմից ներկայացված բանաձեւը, որը մերժում է «դարի գործարքը»: Հունվարի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին հայտարարել է այսպես կոչված դարի գործարքի՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման հանգուցային դրույթները, որոնց հիմքում երկու պետությունների փոխադարձ ճանաչումն է:

Վաշինգտոնն առաջարկում է Պաղեստինի տարածքը, որը բաղկացած է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք է կրկնակի մեծանա: Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը, Վաշինգտոնը հաստատակամորեն մտադիր է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»:

Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը: ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից:

Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ; Նաթանյահուն պաշտպանել է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Մինչդեռ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս