Հրայր Թովմասյանն ուզում է ուզուրպացնել դատական իշխանությունը. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պնդում է՝ ի տարբերություն Սահմանադրական դատարանի անդամների, օրվա իշխանությունն ամեն ինչ արել է ՍԴ-ի շուրջ ճգնաժամը չխորացնելու համար:

«Այս ամենն ասելով՝ նկատի ունեմ այն, որ, օրինակ, ՍԴ նախագահի  պարտականությունները կատարողը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով ՍԴ նախագահ: Խոսում է խրամատներից, ինչն արդեն քաղաքական տեքստ է, և որպես ենթադրյալ թշնամիներ՝ ներկայացվում ենք մենք: Վերջերս Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում մենք ականատես եղանք, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն էր տրամադրել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այցելել է Սահմանադրական դատարան: Հաջորդը՝ Հրայր Թովմասյանը ներկայանում է՝ որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ: Նման ներկայացումը նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունն ուզուրպացնելու համար, սա վկայությունն է այն բանի, որ ի հակառակ իշխանությունների ջանքերի՝ տեղի է ունեցել հակառակը հենց դատարանի կողմից»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է՝ մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության դեպքում։

Հարցին՝ ի՞նչ է անում Հրայր Թովմասյանը, որ դատական իշխանությունն ուզուրպացնի, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ այդ մասին այս պահին չի խոսի, քանի որ սպասում է լիագումար նիստին, և այդ ժամանակ կհնչեն տարբեր մեկնաբանություններ:

Լիլիթ Մակունցը չցանկացավ անդրադառնալով նաև ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարություններին՝ կապված ՍԴ-ի և վարչապետի ինստիտուտի հետ՝ նշելով, որ այդ հարցին կարող են անդրադառնալ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները:

Տեսանյութեր

Լրահոս