Վարշավան կարող է Լոնդոնի տեղն զբաղեցնել ԵՄ-ում. Լեհաստանի ԱԳ նախարար
Լեհաստանը կարող է Եվրամիությունում զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը: Այդ մասին հայտարարել Է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը PAP գործակալությանը տված հարցազրույցում։ Մեծ Բրիտանան հունվարի 31-ի երեկոյան պաշտոնապես լքեց Եվրամիությունը՝ ավարտելով 3,5 տարի տեւած գործընթացը:
Brexit-ից հետո սկսվել է անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը: Այդ ընթացքում Լոնդոնը պետք է համաձայնության գա Եվրամիության եւ այլ երկրների հետ բոլոր ոլորտներում համագործակցության ձեւաչափերի շուրջը: «Միությունն ավելի փոքր կլինի բնակչության թվաքանակի, տնտեսական ներուժի, ռազմական ուժի եւ աշխարհում ազդեցության տեսակետից: Հարցն այն է, թե ինչ դեր կխաղա Լեհաստանը Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո»,- ասել է Չապուտովիչը: Նա կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փետրվարի 3-ին սկսվող այցը Լեհաստան Brexit-ից հետո «նույնպես խորհրդանշական է այն իմաստով, որ այն մատնանշում է Լեհաստանը որպես պետություն, որը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի նախկին տեղը»:
«Ես կարծում եմ, որ Միությունում Լեհաստանի դերը կմեծանա, թեեւ դա արդեն չի լինի այն նույն Միությունը»,- հավելել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: