Չինաստանը միջազգային օգնություն է ստանում կորոնավիրուսի դեմ պայքարում
Չինաստանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար արդեն օգնություն է ստացել 11 երկրներից եւ ՅՈւՆԻՍԵՖ-ից: Այդ մասին փետրվարի 3-ին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։ «Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր մի շարք երկրներ հայտնել են իրենց ըմբռնումը եւ Չինաստանին աջակցել տարբեր միջոցներով:
Փետրվարի 2-ի կեսօրվա դրությամբ, համաճարակի կանխարգելման եւ դրա նկատմամբ հսկողության ապրանքների տեսքով Չինաստան օգնություն է ժամանել Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Պակիստանից, Ղազախստանից, Հունգարիայից, Իրանից, Բելառուսից, Ինդոնեզիայից եւ ՅՈւՆԻՍԵՖ-ից»,-հայտնել է դիվանագետը: Նրա խոսքով՝ բազմաթիվ այլ երկրներ առաջարկել են իրենց աջակցությունը. «բարեկամին փորձանքի ժամանակ են ճանաչում, եւ ես կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել»: Նա հավելել է, որ Չինաստանին այժմ ամենից շատ անհրաժեշտ են դեղամիջոցներ, պաշտպանիչ հագուստ, ակնոցներ ու դիմակներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: