Բաժիններ՝

Հայ եկեղեցին այսօր նշում է Առաջավորաց պահքը

Հայ եկեղեցին այսօր նշում է Առաջավորաց պահքը: Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տեւում է հինգ օր:

Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, եւ հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս.  Գրիգոր Լուսավորիչը  նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում եւ այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ եւ ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:

Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաեւ այլ կերակուրներ ու մեղրը, եւ տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջեւ` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ:

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որեւէ առնչություն չունի:

Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության եւ աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու եւ հոգեւոր օգուտներ քաղելու համար:

Պահքից դուրս գալու համար կարեւոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին եւ հաղորդություն սատանալ:

Իսկ ինչո՞ւ ենք հինգ  օր պահք  պահում։

Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ա) Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը եւ հայ ժողովուրդն ապաշխարության եւ պահքի մեջ եղան 5 օր:

Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) եւ շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն եւ ջանա այլեւս չմեղանչել:

Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն եւ, թեեւ մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռեւս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։

Դ) Ըստ Եկեղեցու` հնգօրյա պահք սահմանել էին նաեւ Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ եւ այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը եւ Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաեւ նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետեւ այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել եւս Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, եւ եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ եւ անասուն, հոտ եւ արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն եւ ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս