Բաքուն հրաժարվեց իր սահմանած կարմիր գծերից. Մանվել Սարգսյան

Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա 11 ժամանոց հանդիպումից հետո տարածված հնգակողմ հայտարարության վերաբերյալ գնահատական տալուց առաջ, նախ՝ պետք է հիշել ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին,  Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումն ու ադրբեջանական կողմից տարածված մեմորանդումը, ըստ որի՝ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվեր Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի ժնևյան հանդիպման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մասին։

«Ադրբեջանը նման բան էր առաջ քաշել, սահմանել էր կարմիր գծեր, և դա իր դիրքորոշումն էր ներկայացնում, հետևաբար՝ այդ մեմորանդումի հրապարակումից հետո ինձ հետաքրքրում էր՝ ի՞նչ է անելու Ադրբեջանը հիմա, արդյո՞ք Ժնևում խոսելու է այդ կարմիր գծերի մասին, իսկ գուցե հրաժարվելո՞ւ է։ Ինձ համար Մնացականյան-Մամեդյարով այս վերջին հանդիպման ընթացքում հուզող գլխավոր հարցը սա էր»,- ասաց  Սարգսյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ խնդիրն այս համատեքստում դիտարկելու դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը հրաժարվել է իր սահմանած կարմիր գծերից։

«Հիմա ի՞նչ ենք տեսնում. հնգակողմ հայտարարություն, հատ-հատ շարադրված նախադասություններ, որի տակ Ադրբեջանը ստորագրել է, այսինքն՝ Ադրբեջանը դրան համաձայնել է և այդ համաձայնությամբ վերադարձել է հնին և հրաժարվել իր կարմիր գծերից։ Եթե Բաքուն չստորագրեր, բանակցությունները վերջանալու էին, սա էր խնդիրը, և հենց դա կանխելու համար էր, որ դրանք տևեցին 11 ժամ»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս բանակցությունների ընթացքում կողմերը կարողացել են ձեռք բերել նաև այնպիսի պայմանավորվածություն, որ անգամ երկու երկրների ԱԳՆ-ների տարածած հաղորդագրությունները գրեթե ամբողջությամբ նույնը լինեն։

«Սա էլ արվել է այն նպատակով, որ կողմերից յուրաքանչյուրը չգնա ու իր երկրում  զբաղվի հեքիաթներ պատմելով»,- նկատեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագության՝ եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը։

Անդրադառնալով Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու խնդրին՝ քաղաքագետը նշեց, որ դա թողնված է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությանը։

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն, ապա դա տեղի կունենա, ինչի մասին համանախագահները հայտարարությամբ ասել են»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» մասին խոսակցություններին, ապա, ըստ Սարգսյանի, այդ մասին բանավոր խոսվել է դեռ 30 տարի առաջ, սակայն որևէ գրավոր ձևակերպում այդ խոսքը չի ունեցել, հետևաբար՝ անկախ նրանից, թե որ երկրի դեսպանն է գնում-հանդիպում այդ, այսպես կոչված, համայնքի ներկայացուցիչների հետ, միևնույն է, դա որևէ նշանակություն չի կարող ունենալ բանակցությունների համար։

Տեսանյութեր

Լրահոս