«Հետևողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր:

Խորհրդակցության սկզբում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր կառավարությունը ձևավորման առաջին օրից բարձրաձայնել է, և մենք ասել ենք, որ հետևողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով, որովհետև ինչպես մի շարք նախկին դեպքերում, այս հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն տնտեսական, հակակոռուպցիոն քաղաքականության իմաստով, այլ նաև քաղաքակրթական առումով: Եվ ես ուզում եմ նորից ընդգծել, որ մեր տնտեսական, սոցիալական և ընդհանրապես բոլոր քաղաքականությունների մեջ մշտապես առանձնահատուկ տեղ ունեն այն հարցերը, որոնք իրենց մեջ քաղաքակրթական կոմպոնենտ են պարունակում:

Այսինքն՝ այնպիսի հարցեր են, որոնց լուծումը պետք է մեր երկրի մակարդակը, նշաձողը բարձրացնի: Այս առումով, անկանխիկ գործառնությունների ծավալի մեծացման ու ընդհանրապես էլեկտրոնային գործառնությունների և գործառույթների թվայնացման պրոցեսն այն կարևոր ուղղություններից մեկն է, որն իսկապես պետք է լրջագույն փոփոխություն մտցնի երկրի քաղաքակրթական մակարդակում, ինչը կարևոր է ոչ այնքան որպես վերնագիր, այլ որպես մի գործընթաց, որը լրջագույն փոփոխություններ է բերելու մեր քաղաքացիների կյանքի որակի մեջ:

Ցանկանում եմ ընդգծել, որ վերջին շրջանում մենք այդպիսի մի քանի հարցեր ենք քննարկում. այս առումով կարևոր են սպանդանոցների, կանխիկի կրճատման հետ կապված թեմաները: Մի քանի օր առաջ մենք քննարկում էինք գույքահարկի համակարգի փոփոխությունը, որը նույնպես շատ կարևոր է, կարևոր է՝ քաղաքացու ինքնազգացողության և պետության, ազգային հարստության կառավարմանն իր մասնակցության առումով: Այնպես որ, քաղաքակրթական ուղղությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Եվ պետք է արձանագրենք, որ այս փոփոխությունների իրականացումը մեզնից ջանք է պահանջելու, բայց կառավարությունը նրանով է կառավարություն, որ ունենա քաղաքական կամք և հմտություն՝ այդ ջանքը ոչ միայն կիրառելու, այլև դա հաջողությամբ պսակելու»:

Այնուհետև նախագծի հետ կապված ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Նշվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում հանրապետությունում անկանխիկ գործառնությունների քանակը մի քանի անգամ ավելացել է, այդ թվում՝ արտասահմանյան բանկային քարտերի միջոցով: Դա պայմանավորված է նաև զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված միջոցառումներին, համապատասխան ենթակառուցվածքների ապահովմանն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքներին: Նշվել է նաև, որ վերը նշված օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

Վարչապետը կարևորել է անկանխիկ գործառնությունների խթանումը ինչպես քաղաքակրթական կոմպոնենտի, այնպես էլ ստվերի կրճատման առումով: Կառավարության ղեկավարը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է շարունակել նախագծի շուրջ աշխատանքները՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

Տեսանյութեր

Լրահոս