«Չպետք է Աճեմօղլուն ասեր, որ նոր հասկանայինք, որ կոռուպցիայի դեմ պայքարը վերածվել է քաղաքական հետապնդման». Վարդան Բոստանջյան
Օրեր առաջ հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կոչ էր արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: Ըստ նրա, հակակոռուպցիոն քաղաքականության այս ձևը, որը նա կոչել է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշել էր Աճեմօղլուն:
Հունվարի 25-ին Կապան քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հայտնի տնտեսագետի հայտնած տեսակետին՝ ասաց, որ կիսում է նրա կարծիքը: «Եթե որևէ իշխանություն որևէ մեկին քաղաքական հետապնդման է ենթարկում, կասկածի տակ է դնում ամեն ինչ»,- ասաց վարչապետը։
168.am-ը տնտեսագետ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե կիսո՞ւմ է Դարոն Աճեմօղլուի տեսակետը, արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մարդկանց նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։
«Չպետք է Աճեմօղլուն ասեր, որ նոր հասկանայինք, որ կոռուպցիայի դեմ պայքարը վերածվել է քաղաքական հետապնդման։ Անկախ նրա արտահայտած կարծիքից, որը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը, այդպես է. փաստորեն, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ հետապնդում է տեղի ունենում և դա տեղի է ունենում իշխանափոխությունից հետո»,- ասաց տնտեսագետը։
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր ձևեր կան, նախ՝ առաջին քայլն այն է, որ իշխանությունները չպետք է մասնակցեն կոռուպցիային, իսկ չմասնակցելու համար իրավական այնպիսի հիմքեր պետք է լինեն, որոնք անհողդող պետք է աշխատեն, որպեսզի այն խախտողները ստանան իրենց արժանի պատասխանը։
«Մարդկության ծագման օրվանից մինչև օրս, թող որևէ մեկը ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն, չհայտարարի, որ ձերբազատվել են կոռուպցիայից կամ այն արմատախիլ են արել։ Կոռուպցիան ծագել է մարդկության հետ և վերանալու է նրա հետ։ Պարզապես ցանկացած կանոնակարգված ու արդյունավետ իշխանության խնդիրն այն է, որ կարողանան մաքսիմալ սահմանափակել, փոքրացնել կոռուպցիայի շրջանակները»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա վստահ է՝ քանի դեռ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը վերածվել է քաղաքական հետապնդման, չպետք է սպասել, որ Հայաստանում ներդրումներ կլինեն՝ սա քննարկման առարկա չէ։
«Տնտեսագիտության մեջ ներդրումները համարվում են ամենանուրբ ու խոցելի ինստիտուտը։ Ցանկացած ներդրող՝ լինի հայրենական թե օտարերկրյա, ուղղակի առաջին հերթին ուզում է գնահատել այն բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք կարող են հանդիպել իր ճանապարհին։ Ներդրումը, ի տարբերություն տնտեսական այլ գործունեությունների, պետք է շահ ակնկալի որոշակի ժամանակ անց։ Եթե երկիրը գտնվում է ռիսկային դաշտում, բնականաբար, որևէ ներդրող գործարքի չի գնա։ Նման իրավիճակում ներդրումներից խոսելը պարզապես հեքիաթի ինստիտուտից է»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։