«Ռեպորտաժի հեռարձակումը կարելի է դիտարկել որպես անուղղակի հրահանգ՝ վարչապետի տարբեր հայտարարությունների վրա հիմնվելով». Բորիս Նավասարդյան
«Եթե կոնկրետ անդրադառնանք այն հարցին, թե որդյո՞ք այստեղ խախտված է անմեղության կանխավարկածը, ապա միանշանակ կարող եմ ասել՝ այո՛։ Եթե խոսքը նաև ռեպորտաժի բովանդակության մասին է, ապա, նույնիսկ, եթե այն տրամադրվել է նախաքննության մարմնի կողմից, միևնույն է՝ լրատվամիջոցը պետք է պահանջեր, որպեսզի նյութը նախապատրաստելիս պահպանեին անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Հակառակ դեպքում պետք է մերժեր նյութի հեռարձակումը, կամ էլ իր կողմից տար համապատասխան մեկնաբանություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված ռեպորտաժին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին։
Ըստ մեր զրուցակցի՝ ռեպորտաժում Հանրային հեռուստաընկերությունն իր մեկնաբանությունը չավելացնելով՝ միացել է անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտողներին։
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ երկար ժամանակ տեսնում են, թե ինչպես է վարչապետը տարբեր հայտարարություններով իր կարծիքն արտահայտում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերաբերյալ:
«Ցավում եմ, որ այն մարմինները, որոնք պետք է գործեն օրենքի շրջանակներում, իրենց համար ընդունում են լայն գործունեության շրջանակ։ Կոնկրետ այս ռեպորտաժի հեռարձակումը կարելի է դիտարկել որպես անուղղակի հրահանգ՝ վարչապետի տարբեր հայտարարությունների վրա հիմնվելով, և՛ նախաքննության մարմնի, և՛ Հանրային հեռուստաընկերության կողմից»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը։
Հիեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին պատրաստած Հանրային հեռուտաընկերության ռեպորտաժով՝ գրելով, թե «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ»։