Բաժիններ՝

Քրեական ենթամշակույթի դեմ ՔԿՀ աշխատակիցներն այլևս կպայքարեն 30 տոկոսով  բարձրացված աշխատավարձով

Կառավարության որոշմամբ՝ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացվեցին։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջարկվում է այդ համակարգի ծառայողների համար սահմանել աշխատավարձի դրույքաչափի 30 տոկոսի չափով հավելում՝ հաշվի առնելով «քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ հարցեր»։

Նախագծի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե քանի որ շուտով ուժի մեջ կմտնի քրեական ենթամշակույթի մասին օրենքը, ուստի իրավապահ համակարգը պետք է նոր թափով և որակով աշխատի, ինչի համար կարևոր է նաև աշխատավարձերի բարձրացումը։

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ իրենց քաղաքականության արդյունքում է նաև, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի արդյունքում այդ սննդից օգտվում է դատապարտյալների 100 տոկոսը, մինչդեռ այդ թիվը նախկինում կազմում էր 20 տոկոս։

«Հաջորդ հարցը, որը ցանկանում եմ նշել՝ այն է, որ այսօր ՔԿՀ-ներում մենք ունենք թափուր աշխատատեղեր՝ ցածր աշխատավարձերի, աշխատանքի հետ կապված, իսկ այս որոշմամբ մենք, փաստորեն, ստեղծում ենք նոր աշխատատեղեր»,- ասաց  Փաշինյանը։

Նա Արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանի բոլոր 12 քրեակատարոական հիմնարկներում կարողանալո՞ւ են ներդնել սննդի մատակարարման նոր համակարգը։

Ի պատասխան՝ Բադասյանն ասաց, որ 2020 թվականին բոլոր ՔԿՀ-ները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգին, արդեն հայտարարվել է մրցույթ և հաղթող է ճանաչվել մեկ ընկերություն։

Այս նախագծի վերաբերյալ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2020 թվականի բյուջեն նախագծելիս այս լրացուցիչ հատկացման մասին որևէ հաշվարկ չի արվել։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան՝ ասաց, որ հավելյալ ծախսերը պետք է կատարվեն ներքին խնայողությունների հաշվին, և ոչ թե՝ կառավարության պահուստային ֆոնդի։

«Հանձնարարականը տրված է, հանձնարարականը պետք է կատարվի»,- ասաց  վարչապետը:

Մանրամասները՝ առաջիկա տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս